Իոաննիսյան․ ՀՀԿ-ն ողջունել է ԸՕ այն փոփոխությունները, որոնք իրագործելի չեն

«Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանը

«Հանրապետականը պատրաստ է թե՛ Ընտրական օրենսգրքի, թե՛ արտահերթ ընտրությունների վերաբերյալ քննարկումների», - երեկ կուսակցության գործադիր մարմնի նիստից հետո հայտարարեց Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը:

Պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած Հանրապետականը ողջունեց վարչապետ Փաշինյանի այն միտքը, որ պետք է ընտրությունները անցկացվեն մի քանի լրացուցիչ մեխանիզմներ ներդնելով:

Դավիթ Հարությունյան․ - «Մեզ համար արմատական նշանակություն ունեն, երբ մենք պաշտպանում ենք պարոն Փաշինյանի առաջարկությունները: Խոսքը վերաբերում է մատնահետքերին՝ մեկ, միասնական բազա ստեղծելուն, ինչպես նաև մոբիլ ցուցակներ կազմելուն: Հուսով ենք, որ այդ առաջարկությունները, որոնք արտահայտվել են հրապարակավ, որպես կարևորագույն փոփոխություններ, դրանք կշարունակեն մնալ օրակարգում պարոն Փաշինյանի, և դրանից նահանջ տեղի չի ունենա»:

«Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանի կարծիքով, Հանրապետականը ողջունել է Ընտրական օրենսգրքի հնարավոր այն փոփոխությունները, որոնք իրագործելի չեն․ - «Հատուկ ընտրվում են հենց այն դրույթները, որոնք կա՛մ իրագործելի չեն, կա՛մ իրագործման համար շատ ժամանակ են պահանջում, որպեսզի ընտրությունների պահը առավելագույնս հետաձգվի»:

Նախորդ տարվա խորհրդարանական ընտրություններից առաջ 4+4+4 ֆորմատով քննարկումների մասնակից Իոաննիսյանը հիշեցնում է, որ այն ժամանակ քաղհանրության ու քաղաքական ուժերի միջև ընթացող քննարկումներում հենց նույն Դավիթ Հարությունյանն էր հիմնավորում, թե ինչու այս դրույթները չեն կարող իրագործվել․ - «Էն ժամանակ մենք, ճիշտն ասած, թերահավատորեն էինք մոտենում դրան, բայց հիմա, երբ արդեն Ոստիկանությունը և ԱԱԾ-ն իրոք շահագրգռված են ընտրախախտումների դեմ պայքարում և օբյեկտիվ ինֆորմացիա են տրամադրում մեզ, մենք էլ արդեն համոզվեցինք, որ իրոք այդ կարգավորումները անիրագործելի են»:

Իոաննիսյանը նաև վստահ է, որ կրկնաքվեարկությունները կանխելու համար ընտրողներիմատնահետքերի մեկ միասնական առցանց բազա և ընտրողներին մատնահետքով իդենտիֆիկացնելու համակարգի ստեղծումը կարճ ժամանակում հնարավոր չէ, և դրա հետ կապված բազմաթիվ խնդիրներ կան․ - «Այդ խնդիրներից զգալի մասի վերաբերյալ մենք, իմիջիայլոց, առաջին անգամ լսել ենք հենց Դավիթ Հարությունյանից 4+4+4-ի ժամանակ: Այսինքն, իրեն էլ շատ լավ հայտնի է, որ այդ համակարգը լուրջ պրինցիպիալ թերություններ ունի, որոնք ինչ-որ տեղ անհաղթահարելի են: Մեկ: Եվ երկրորդը, նման համակարգի ներդրումը ենթադրում է բավականին մեծ ոչ միայն ֆինանսական, այլ նաև ժամանակի ծախսում: Առնվազն ամենաինտենսիվ գործելու դեպքում դա կարելի է իրականացնել մեկ տարուց»:

Իոաննիսյանի պնդմամբ, հնարավոր չէ իրականացնել նաև սահմանային կետերի հետ փոխկապակցված «մոբիլ» ընտրացուցակների ներդրումը, քանի որ ԱԱԾ սահմանապահ զորքերի համակարգում 2008-ից առաջ արտագաղթած քաղաքացիների տվյալները չկան: Խնդրահարույց կլինի նաև երկքաղաքացիների նույնականացումը․ - «Արդյունքում մենք կարող ենք ունենալ ընտրական ցուցակներ, որոնք բավականին քիչ աղերս են ունենալու իրականության հետ: Կլինեն բազմաթիվ անձինք, ովքեր Հանրապետությունում չեն վաղուց, բայց ցուցակում կան, և կլինեն անձինք, ովքեր Հանրապետությունում են, կգան ընտրական տեղամաս և կպարզեն, որ իրենք ցուցակում չեն: Սա բավականին խնդրահարույց է, և այս ճանապարհը ուղղակի իրագործելի չէ: Այս կարգավորումները արդեն քննարկվել են, քննարկվել են կոմպետենտ մարմինների հետ՝ Ոստիկանության անձնագրային վարչության հետ, Ազգային անվտանգության ծառայության հետ, այն, ինչ որ ես ասեցի, այդ քննարկումների արդյունքում ձևավորված կոնսենսուսային տեսակետն է»:

Այդուհանդերձ, ըստ Իոաննիսյանի, կրկնաքվեարկությունները կանխելու համար օրակարգում է մատների թանաքոտման ժամանակակից մեխանիզմը, որը կիրառվում է Վրաստանում․ - «Խոսքը անգույն թանաքի մասին է: Ինքը անզեն աչքով չի երևում, էսթետիկ տեսանկյունից տգեղ չի, երևում է միայն ուլտրամանուշակագույն լույսի ներքո»:

Առաջիկա օրերին ստեղծվելու է Ընտրական օրենսգրքի փոփոխությունների աշխատանքային հանձնաժողով, այսօր խորհրդարանում հայտարարել է «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Յուրաքանչյուր խմբակցությունից երկուական ներկայացուցիչների հետ քննարկումներին մասնակցելու են նաև քաղհանրության ներկայացուցիչները:

Մեկ շաբաթից խորհրդարանին ներկայացվելիք կառավարության ծրագրի համաձայն՝ Փաշինյանի ղեկավարած գործադիրը ցանկանում է բարեփոխել ընտրական օրենսգիրքը, վերացնել «ռեյտինգային» ընտրական համակարգը և առավելագույնը մեկ տարվա ընթացքում անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ։