Հայաստանի տասը մարզերից ութում նշանակվեցին նոր մարզպետեր

«Էներգետիկ ոլորտի երկու հիմնական ցանցերը չպետք է լինեն միևնույն սեփականատիրոջ ձեռքում», - Կառավարության այսօրվա նիստի մեկնարկին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Բարձրավոլտ էլեկտրական ցանցերը» «Տաշիր Կապիտալին» հավատարմագրային կառավարման հանձնելու պայմանագիրը չեղարկելու որոշմանը:

«Մենք կարծում ենք, որ էներգետիկ ոլորտի երկու հիմնական ցանցերը չպետք է լինեն նույն սեփականատիրոջ տիրապետության ներքո: Եվ մենք պետք է առաջիկայում շատ արագ որոշում կայացնենք «Բարձրավոլտ էլցանցերի» հետագա կառավարման մեթոդի մասին», - նշեց Փաշինյանը:

«Բարձրավոլտ էլեկտրական ցանցերի» կառավարումը ռուսաստանաբնակ հայազգի մեծահարուստ Սամվել Կարապետյանի «Տաշիր» ընկերությանը 25 տարով հանձնելու որոշումը նախորդ տարի կայացրել էր Կարեն Կարապետյանի կառավարությունը՝ ծախսերի կրճատման և կառավարման արդյունավետության պատճառաբանությամբ։

Նախօրեին Էներգետիկայի նորանշանակ նախարար Արթուր Գրիգորյանը հայտարարել էր, որ պայմանագիրը ձեռնտու չէ պետությանը, և ԲԷՑ-ը կմնա իբրև պետական հիմնարկ:

Վարչապետը, մինչդեռ, այսօր խորհուրդ տվեց չշտապել ընկերության կարգավիճակի մասին հայտարարություններ անել․ - «Թե ինչպիսին պետք է լինի կառավարումը՝ պետական թե մասնավոր, դա առանձին քննարկման խնդիր է, որովհետև դեռ կա ներդրումների որոշակի խնդիր, իսկ այսօր մեր պետությունը որոշակի վարկային սահմանափակումներ ունի նաև պետական պարտքի սահմանային վիճակի կապակցությամբ: Եվ ես կարծում եմ, որ Կառավարության ներկայացուցիչները էստեղ իրենց հայտարարություններում պետք է ճկուն լինեն և վերջնական որոշման տպավորություն ստեղծող հայտարարություններ չանեն: Մանավանդ որ էդպիսի որոշում չկա»:

Ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր Կապիտալ» ընկերությունը երեկ հաղորդագրություն էր տարածել՝ պնդելով, որ ԲԷՑ-ը որպես շահույթի աղբյուր իրենց չի հետաքրքրել, իսկ ընկերության կառավարումը ստանձնելու հիմնական շարժառիթը եղել է սակագնի վրա ազդեցության մեղմումը։

Ըստ մամուլում շրջանառվող լուրերի, ԲԷՑ-ի կառավարումը ցանկանում է ստանձնել Գագիկ Ծառուկյանը, որի ղեկավարած քաղաքական ուժը Փաշինյանի կառավարության մաս է կազմում, և Էներգետիկայի նախարարը հենց «Ծառուկյան» դաշինքի կողմից է նշանակվել։

Նիկոլ Փաշինյանն այսօր անուններ չտվեց, սակայն հնարավոր մասնավորեցման համար հստակ նախապայմաններ առաջ քաշեց․ - «Մենք պետք է բացառենք, որ այդ մասնավորեցման կամ կառավարման գործընթացում ներգրավված լինի իշխանության հետ առնչություն ունեցող որևէ անհատ կամ ընկերություն, բացառենք, որ որևէ օֆշորային ընկերություն կարող է ներգրավված լինել այդտեղ, բաց, թափանցիկ, հրապարակային մրցույթում պետք է այդ ամենն արվի: Կա երկու նախապայման՝ օֆշոր չի լինելու և իշխանության հետ կապ ունեցող որևէ մարդ և ընկերություն չի լինելու դրա կառավարողը»:

Գործադիրն այսօր հավանություն տվեց Կառավարության գործունեության ծրագրին և որոշում կայացրեց հունիսի 7-ին խորհրդարանի արտահերթ նիստում այն ներկայացնել պատգամավորներին։ Ծրագրում Կառավարությունը կարևորել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը՝ ընդգծելով, որ պետք է բարեփոխել Ընտրական օրենսգիրքը, վերացնել ռեյտինգային ընտրական համակարգը և առավելագույնը մեկ տարվա ընթացքում անցկացնել արտահերթ ընտրություններ։

Այսօրվա նիստում Կառավարությունը 8 նոր մարզպետեր նշանակեց։ Առավել ուշագրավ էր Վայոց ձորի մարզպետի նշանակումը․ մարզն այսուհետ կղեկավարի Հանրապետական կուսակցության նախկին անդամ Արագած Սաղաթելյանը։

Գեղարքունիքի և Արագածոտնի մարզերը կղեկավարեն դաշնակցականներ Իշխան Սաղաթելյանը և Աշոտ Սիմոնյանը։ Մարզպետերից չորսը Նիկոլ Փաշինյանի թիմից են․ Տավուշում՝ Վահե Ղալումյանը, Շիրակում՝ Կարեն Սարուխանյանը, Արարատում՝ Գարիկ Սարգսյանը, Կոտայքում՝ Ռոմանոս Ստեփանյանը։

Լրագրողների հետ զրույցում մարզերի նորանշական ղեկավարները հայտարարեցին, որ մարզերում առկա բազմաթիվ խնդիրները փորձելու են լուծել ըստ առաջնահերթության:

10-ը մարզերից 2-ում՝ Սյունիքում և Արմավիրում դեռ շարունակում են պաշտոնավարել նախկին իշխանությունների կողմից նշանակված մարզպետերը։

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ նրանք նույնպես կփոփարինվեն։ «Ծառուկյան» դաշինքն առայժմ ունի մեկ մարզպետ՝ Հրանտ Մարգարյանը Լոռու մարզում։ Առայժմ հայտնի չէ, թե արդյոք վերջին երկու մարզրերը նույնպես կտրվեն «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչներին։