Իսպանիայում կառավարությունը փոխվում է

Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյ, արխիվ

Իսպանիայում սպասվում է կառավարության հրաժարականը: Վարչապետ Մարիանո Ռախոյը խորհրդարանում անվստահության քվեի հարցով նախատեսված քվեարկությունից առաջ հայտարարել է, որ իր կաբինետը ընդունում է պարտությունը, և շնորհավորել է ընդդիմադիր սոցիալիստների առաջնորդ Պեդրո Սանչեսին:

Կառավարությանն անվստահություն հայտնելու շուրջ քվեարկությունը մեկնարկել է: Ռախոյի ընդդիմախոսները նախօրեին հայտնել են, որ բավարար քվեներ ունեն, որպեսզի կառավարությանը պաշտոնանկ անեն:

Իսպանիայի նոր վարչապետ կդառնա Սանչեսը: Նա խոստացել էլ արտահերթ ընտրություններ հայտարարել:

Ռախոյի հրաժարականի պատճառը կոռուպցիոն սկանդալն է, որն առնչվում է իշխող Ժողովրդական կուսակցության հետ: Դատարանը ավելի վաղ մեղավոր է ճանաչել կուսակցության շուրջ երեք տասնյակ ներկայացուցիչների: Ինքը Ռախոյը հրաժարվում էր հեռանալ պաշտոնից՝ պնդելով, թե անձամբ չի մասնակցել մեքենայություններին և ոչ էլ տեղյակ է եղել: