Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը «Հեքիաթային ճամփորդություն» է ներկայացնում երեխաների համար

Հունիսի 1-ին՝ երեխաների պաշտպանության միջազգային օրը, երեխաների համար անակնկալներով լեցուն «Հեքիաթային ճամփորդություն» խորագրի ներքո համերգ է նախապատրաստել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ երկու երիտասարդ դիրիժորների՝ Դավիթ Մարուխյանի և Ներսես Մկրտչյանի ղեկավարությամբ:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նրանք շեշտում էին, որ տարվա մեջ գոնե մեկ օր՝ սկսած հինգ տարեկանից, երեխաները պետք դասական երաժշտություն լսեն համերգասրահում, որտեղ նրանց համար նախապատրաստված համերգային ծրագիրն իր մեջ ներառում է ոչ միայն համաշխարհային դասական երաժշտության հրաշալի ստեղծագործություններ, այլև հեքիաթային հերոսների հետ բեմականացված ճամփորդություն դեպի գեղեցիկի աշխարհը:

«Մեծ թիմ է այս ամեն ինչի մեջ ներգրավված, ու երիտասարդ թիմ, դա կարևոր հանգամանք է: Այսինքն՝ թարմ գաղափարներով», - ասում է Դավիթ Մարուխյանը: - «Երկու ֆունկցիա է այստեղ կարևորվում՝ ներգրավել երեխաներին և նրանց փորձել ինչ-որ շատ փոքր դոզայով ներարկել այս դասական երաժշտության հրաշքը»:

Համերգի երիտասարդ ռեժիսոր Արփի Մաղաքյանն էլ ընդծում է, որ համերգի ընթացքում մեծ էկրանին փոքրիկների համար կներկայացվեն «Հարրի Փոթերից» և այլ ուշագրավ ֆիլմերից հատվածներ՝ երաժշտական լավագույն կատարումներով: Բեմին և դահլիճում, նաև ամֆիթատրոնում կհայտնվեն հեքիաթային հերոսներ․ - «Ես խոստանում եմ երեխաներին ուրախ, պայծառ, գունեղ, դասական բարձրարժեք երաժշտությամբ լի, շատ լավ օր»:

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ համերգը կազմակերպել է «World Vision» բարեգործական կազմակերպությունը, որն արդեն 30 աշխատում է Հայաստանում՝ ի նպաստ երեխաների պաշտպանության և բարեկեցության:

Your browser doesn’t support HTML5

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը «Հեքիաթային ճամփորդություն» է ներկայացնում երեխաների համար