Հունիսի 24-ին Թուրքիայում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին չորս հայազգի թեկնածու կմասնակցի: Թուրքիայի բարձրագույն ընտրական հանձնաժողովն այսօր հստակեցրել է կուսակցությունների թեկնածուների վերջնական ցուցակները, որոնք հրապարակվել են Resmi Gazete պաշտոնաթերթում:
«Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունից պատգամավորի երկու հայազգի թեկնածու է առաջադրվել՝ Գարո Փայլանը Դիարբեքիրից և Լյուդմիլա Բյույումը Ստամբուլից: «Արդարություն և զարգացում» կուսակցության թեկնածուների շարքում է Մարգար Եսայանը, որը ևս առաջադրվել է Ստամբուլից: «Լավ» կուսակցությունն էլ Ստամբուլում առաջադրել է հայազգի թեկնածու Էլմաս Գիրագոսին:
Ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության ընտրացուցակում այս անգամ հայազգի պատգամավորներ չեն ընդգրկվել: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 26-րդ գումարման Մեջլիսի պատգամավոր Սելինա Դողանը չի առաջադրվելու առաջիկա խորհրդարանական ընտրություններում: Թուրքիայի 27-րդ գումարման խորհրդարանի ընտրություններին մասնակցում են 8 կուսակցություններ: