«Սասնա ծռեր»-ին օժանդակելու մեջ մեղադրվող Մանվել Աթոյանը գրավի դիմաց ազատ արձակվեց

«Սասնա ծռեր»-ի գործով դատական նիստերից մեկը, արխիվ

Դատարանը մեկ միլիոն դրամ գրավի դիմաց այսօր ազատ արձակեց «Սասնա ծռեր»-ին օժանդակելու մեջ մեղադրվող Մանվել Աթոյանին։

Ըստ մեղադրանքի, «Աթոյանը փորձել էր միանալ Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը գրաված զինված խմբին, բայց իր կամքից անկախ պատճառներով հանցագործությունը չի կարողացել ավարտին հասցնել»։

Այսօր փոխվել է նաև «Սասնա ծռեր»-ին օժանդակելու մեջ մեղադրվող Խաչատուր Գիչյանի խափանման միջոց կալանավորումը չհեռանալու մասին ստորագրությամբ։

«Սասնա ծռեր» խումբը 2016-ի հուլիսի 17-ին գրավեց Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը՝ պահանջելով նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը, ազատ արձակել «Հիմնադիր խորհրդարան»-ի կալանավորված առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանին և զիջումներ չանել Ղարաբաղի հարցում։ 31-հոգանոց զինված խումբը 15 օր շարունակ գրաված պահեց ոստիկանության գնդի տարածքը։ Այդ ընթացքում երեք ոստիկան մահացավ։