Բաղրամյան գյուղի դպրոցի մասին «Ազատության» հրապարակման հիման վրա քրգործ է հարուցվել

Բաղրամյան գյուղի դպրոցի աշակերտների և նրանց ծնողների բողոքի ակցիան, 14-ը մայիսի, 2018թ․

«Ազատության» հրապարակման հիման վրա քրեական գործ է հարուցվել, հաղորդում է Հայաստանի դատախազության հանրային կապերի բաժինը:

«Արմավիրի մարզի դատախազությունից ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժին էր ուղարկվել «Ազատություն» ռադիոկայանի կայքում հրապարակված «Բաղրամյան գյուղի դպրոցի տնօրենը ստիպված է եղել հրաժարվել պաշտոնից» վերնագրով հրապարակումը՝ դրանում հանցագործության հատկանիշների առկայությունն ստուգելու համար քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու և ընթացքը լուծելու ցուցումով: Նյութերի նախապատրաստման ընթացքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2016թ. սեպտեմբեր ամսին Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղի մի բնակչի կողմից նույն գյուղի միջնակարգ դպրոցի նախկին տնօրեն Շ. Ո.-ին ծրարով 25.000 ՀՀ դրամ գումար է տրվել, որի դիմաց վերջինս նրա երեխայի՝ 2016թ. սեպտեմբեր ամսից դեկտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածի բացակաները ճանաչել է հարգելի», - ասված է հաղորդագրությունում:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են կաշառք տալու և ստանալու հանցագործությունների հատկանիշներ, Արմավիրի մարզի դատախազությունում դեպքի առթիվ Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով` «պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալը» և 312-րդ հոդվածի 1-ին մասով՝ «պաշտոնատար անձին կաշառք տալը», հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունը հանձնարարվել է Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությանը, փոխանցում է Հայաստանի դատախազությունը: