Մասիսի քաղաքապետն ու փոխքաղաքապետը ձերբակալվել են

Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյան, արխիվ

Մասիսի քաղաքապետն ու փոխքաղաքապետը ձերբակալվել են, «Ազատության»-ը փոխանցեց, քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:

Ըստ կոմիտեի, Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանն ու փոխքաղաքապետ Կարեն Օհանյանը կասկածվում են ապրիլի 22-ին Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած անկարգություններին անմիջական մասնակցություն ունենալու մեջ:

Սոնա Տռուզյանն «Ազատության»-ը փոխանցեց, որ գործի շրջանակներում Մասիսի քաղաքապետից ու փոխքաղաքապետից բացի ևս 3 անձ է ձերբակալվել:

«Տեղեկացրել ենք, որ ապրիլի 22-ին Էրեբունի և Նոր-Արեշ 26-րդ փողոցների խաչմերուկում տեղի ունեցած դեպքերի առթիվ, որի ժամանակ քարերով, մահակներով, էլեկտրասարքերով բռնություն էր գործադրվել քաղաքացիների նկատմամբ, այդ ընթացքում կային նաև տուժած լրագրողներ, հարուցվել է քրեական գործ, քրեական գործի շրջանակներում ձեռնարկվել են մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողություններ, ներբեռնվել են համացանցում առկա տեսանյութերն։ Այս պահի դրությամբ մենք ունենք հինգ կասկածյալ, ովքեր ձերբակալվել են անկարգություններին անմիջական մասնակցություն ունենալու համար, նրանց թվում են նաև Մասիսի քաղաքապետը և փոխքաղաքապետը։ Այս պահին վարույթն իրականացնող մարմինն ունի տվյալներ, որոնց համաձայն, նրանք մասնակցություն են ունեցել տեղի ունեցած իրադարձություններին», - ասաց Տռուզյանը։

Ապրիլի 22-ին Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած այդ իրադարձությունները լուսաբանող «Շանթ» հեռուստաընկերության լրագրող Արտակ Խուլյանն «Ազատության»-ը պատմեց, որ իրեն նույնպես հարվածներ են հասել: Նա ասաց՝ հույս չուներ, որ մեղավորները կպատժվեն։

«Սկզբնական շրջանում մտավախություն ունեի, որ էդ հանցագործությունը չի բացահայտվելու՝ նաև նկատի ունենալով նախկին փորձը, որ շատ դեպքեր չեն բացահայտվել. լրագրողների նման հարձակումների դեպքերը ՊՊԾ գնդի գրավման օրերին, «էլեկտրիկ Երևան»-ի ժամանակ լրագրողներ տուժեցին, բայց մեծ հաշվով չբացահայտվեցին էդ հանցանքը կատարած անձինք։ Դա նկատի ունենալով մտավախություն ունեի, որ կրկին էս հանցանքն էլ է կոծկվելու, այսպես ասած, մենք չենք իմանալու հանցագործներին, չեն բացահայտվելու, չեն կանգնելու արդարադատության առջև, փաստորեն իրոք իրավիճակ է փոխվել երկրում, և մյուս գերատեսչությունների գործելաոճը տեսնելով, այլ աշխատելաոճով են, ըստ երևույթին, հանդես գալիս», - «Ազատության» հետ զրույցում ասաց Խուլյանը։

Հիշեցնենք՝ այդ օրը քաղաքացիական հագուստով մարդիկ, որոշները՝ բժշկական դիմակներով, հարձակվել են խաղաղ ցուցարարների վրա, քարերով ու մահակներով հարվածել նրանց։

Այս իրադարձություններից առաջ ու հետո մամուլը գրում էր, որ Մասիսի քաղաքապետը՝ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանի դստեր ամուսինն է:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցի խոսքով՝ այսօր նոր իրավիճակում քաղաքացիները պետք է չթողնեն ոստիկանությանն ու իրավապահ մարմիններին միայնակ։

Ըստ իրավապաշտպանի, քաղաքացիները պետք է ավելի հետևողական լինել՝ աջակցելու հանցագործություններ կատարած անձանց բացահայտման ուղղությամբ։

«Աչքիդ առաջ բռնություն կատարողը չէր բռնվում, իսկ բողոքողը բազմաթիվ բյուրոկրատական երկարաժամկետ քաշքշուկներով ենթարկվում էր բացատրությունների մի ամբողջ քավարանի, այն դեպքում, երբ որ ակնհայտ էր, երբ նույնիսկ լուսանկարված էին մարդկանց դեմքերը, տեսանկարահանված էին, և տեսնում էինք, որ գործողություններ չէին իրականացնում բռնություն կամ ապօրինություն կատարած անձանց բացահայտելու ուղղությամբ, դա բերում էր անվստահության։ Իսկ հիմա, ես կարծում եմ, որ մեր քաղաքացիներն, անկախ զբաղմունքից, պետք է շատ ավելի հետևողական լինել՝ հայտնելու, աջակցելու հանցագործություններ կատարած անձանց բացահայտման ուղղությամբ», - ասաց Սաքունցը։

«Գործ տալու» ինստիտուտը, ըստ իրավապաշտպանի, այսօր դառնում է ոչ թե արհամարհելի, այլ իրավական համակարգի, իրավական մշակույթի անխուսափելի մաս։

«Եթե նախկինում միայն լրագրողներն ու իրավապաշտպաններն էին դիտարկում, այսպես կոչված հանցագործության մասին հաղորդում տվողներ, որոնց կարող էին որակել որպես այսպես կոչված գործ տվողներ, ապա հիմա այդ գործ տալու ինստիտուտը դառնում է ոչ թե արհամարհելի, այլ ինքը դառնում է իրավական համակարգի, իրավական մշակույթի անխուսափելի մաս։ Այսինքն՝ չպետք է անտարբեր լինել ապօրինության նկատմամբ, չպետք է անտարբեր լինել բռնության նկատմամբ, և կարծում եմ, որ այս նոր իրավիճակում, երբ որ քաղաքացիները համաժողովրդական այս շարժման արդյունքում կարողացան հասնել իշխանափոխության, պետք է նաև հետամուտ լինեն իրենց այդ նույն հետևողականությամբ ապօրինությունների դեմ պայքարում, այսինքն՝ չթողնեն ոստիկանությանն ու իրավապահ մարմիններին միայնակ, պետք է անտարբեր չլինել, չխուսափել։ Նախկին այդ մտածելակերպը, որ կարող է հաղորդում տվողը, ենթադրենք, հետապնդման ենթարկվի, ճնշումների ենթարկվի, կարծում եմ, որ այդ մտածելակերպից պետք է արդեն դուրս գանք», - ասաց Սաքունցը։