Իրանը Total-ին երկու ամիս է տրամադրում ԱՄՆ պատժամիջոցները հաղթահարելու համար

Ֆրանսիա - Total-ի գործադիր տնօրեն Պատրիկ Պույանը ողջունում է Իրանի նախագահ Հասան Ռոհանիին, Փարիզ, 28-ը հունվարի, 2016թ․

Իրանը Ֆրանսիայի էներգետիկ հսկա Total-ին տվել է 60 օր՝ ԱՄՆ-ի պատժամիջոցները հաղթահարելու համար: Իրանի նավթային հարցերով նախարար Բիջան Զանգանեն ասել է, որ հակառակ դեպքում միլիարդների հասնող գազային ծրագիրը կտրվի չինական նավթային ընկերությանը:

Total-ը միակ արևմտյան ընկերությունն էր, որ ավարտին հասցրեց Իրանի էներգետիկ սեկտորում ներդրումային պայմանավորվածությունը 2015 թվականի միջուկային պայմանագրի ստորագրումից հետո, երբ Թեհրանի նկատմամբ պատժամիջոցները այս մասով վերացան: 4.8 միլիարդ դոլարի համաձայնագրով Total-ը ղեկավար գործընկեր էր դառնում Չինաստանի ազգային նավթային կորպորացիայի և իրանական «Պետրոպարս»-ի հետ:

Երբ Միացյալ Նահանգները այս տարվա մայիսի 8-ին դուրս եկավ Իրանի հետ միջուկային համաձայնագրից, Total-ը հայտարարեց, թե կլքի գազային ծրագիրը, եթե այն չազատվի պատժամիջոցներից: