Վանաձորի ավագանիում Հանրապետականն «իրեն ընդդիմություն չի հայտարարում»

Վանաձորի ավագանու նիստ, արխիվ

«Մենք մեզ ընդդիմություն չենք հայտարարում», այսօր Վանաձորի ավագանու նիստի մեկնարկին հայտարարեց հանրապետական քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն ի պատասխան «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Քրիստ Մարուքյանի հարցադրմանը։

Նա Վանաձորի ավագանու «Դաշնակցություն» և «Հայկական վերածնունդ» խմբակցությունների անդամներին հարց ուղղեց, թե արդյո՞ք իշխանափոխությունից հետո իրենց դիրքորոշման մեջ փոփոխություն կա և արդյո՞ք կդադարեցնեն Հանրապետական խմբակցության հետ իրենց կոալիցիոն համագործակցությունը։

Դեռ իշխանափոխությունից առաջ Նիկոլ Փաշինյանի հեղափոխական շարժմանը միանալու մասին հայտարարություն արած «Հայկական վերածնունդ» կուսակցության Վանաձորի ավագանիում ունեցած 5 և Հանրապետական կուսակցության հետ կոալիցոն համագործակցությունը դադարեցրած «Դաշնակցության» 2 ներկայացուցիչները Մարուքյանի հարցադրմանը չարձագանքեցին։ Նրանց փոխարեն խոսեց Հանրապետական խմբակցության անդամ, քաղաքապետ Մամոկան Ասլանյանը, նշելով, թե «պատրաստ են կառավարության Վանաձորին վերաբերող մասով ամեն քայլ կատարել քաղաքի հետագա զարգացումն ապահովելու համար»։

«ՀՀԿ-ն ընդդիմություն է Ազգային ժողովում, էստեղ ՀՀԿ-ն չի իշխող ուժը, որ ընդդիմություն լինի։ Էստեղ ավագանիների այն խումբն է, որը ունի մեծամասնություն, և էդ մեծամասնությունն ինձ ընտրել է քաղաքապետ։ Ես էլ Վանաձորին ծառայելու համար եմ քաղաքականության մեջ հայտնվել, ոչ թե որևէ կուսակցության ծառայելու համար։ Էդ կոնֆիգուրացիաները կարող են փոխվել ժամանակի հետ, կարող են նորերը ձևավորվել, բայց հստակ ուղղվածությունը մեր Վանաձորի ապագան է», այսօր հայտարարել է Վանաձորի քաղաքապետը։

Արդեն իշխանամետ, կառավարության մեջ ներկայացուցիչ ունեցող «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը Վանաձորի ավագանիում, ըստ էության, դեռ ընդդիմություն է, չնայած, ինչպես նշում են, խմբակցության ներկայացուցիչները, իրենց ընդդիմադիր հռչակած կուսակցությունների՝ «Լուսավոր Հայաստանի», «Բարգավաճ Հայաստանի», «Հայկական վերածննդի» շնորհիվ կարող են ունենալ 20 մանդատ՝ Հանրապետականի ունեցած 13 մարդատի դիմաց։

«Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները որևէ արտացոլում չեն ունենում տեղական մակարդակում։ Ստացվում է՝ մենք էստեղ ունենք այլ իրողություն», - «Ազատությանը» տված հարցազրույցում ասաց Վանաձորի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Քրիստ Մարուքյանը։

«Եթե կուսակցությունը հայտարարում է ինչ-որ մի գիծ և այդ գծին չեն հետևում իր տարածքային կառույցները կամ այդ գծից տարբերվող գործունեություն է տանում իր տարածքային կառույցը, դա առնվազն հարցեր է առաջացնում։ Կարծում եմ՝ իրենք պետք է մեկնաբանեն և որևէ հիմնավորում ներկայացնեն, թե ինչով է պայմանավորված տարբերվելը կուսակցության որդեգրած ուղուց կամ արված հայտարարություններից, որովհետև, եթե կուսակցությունը Հայաստանի մակարդակով հայտարարում էր, որ միանում է համաժողովրդական շարժմանը, համաժողովրդական շարժման արդյունքում քվեարկվում է ընդդիմության թեկնածուի օգտին, ժողովրդի թեկնածուի օգտին և իշխանությունը Հանրապետական կուսակցությունից անցնում է «Ելք» դաշինքին կամ վարչապետի մակարդակով Նիկոլ Փաշինյանին, դա տեղական մակարդակով որևէ արտացոլանք պետք է ստանա։ Էստեղ փաստորեն շարունակվում է համագործակցությունը Հանրապետական կուսակցության հետ այն պարագայում, որ Դաշնակցությունը դուրս է եկել Հանրապետականի հետ ունեցած կոալիցիայից և հրաժարվել են իրենց ստանձնած պաշտոններից։ Տեղական մակարդակով, փաստորեն, այդ ստանձնած պաշտոններն ավելի կարևոր են, քան կուսակցության որդեգրած ճանապարհը»,- հավելեց Մարուքյանը։

«Լուսավոր Հայաստանը» հայտարարում է, որ կշարունակի Վանաձորի ավագանիում աշխատել որպես ընդդիմադիր խմբակցություն և «հակակշիռ քաղաքապետի և քաղաքի կառավարումը ստանձնած մեծամասնությանը»։ Իսկ հետագա քայլերը կախված կլինեն Հանրապետականի հետ համագործակցող խմբակցությունների դիրքորոշումից, նկատում է Մարուքյանը։

Նշենք, որ Հանրապետական և «Հայկական վերածնունդ» կուսակցությունների Վանաձորի տարածքային կառույցներն անցած տարվա նոյեմբերին համագործակցության հուշագիր կնքեցին՝ «քաղաքի կառավարման համամասնորեն և համատեղ պատասխանատվությունը ստանձնելու մասին»։ Ըստ հուշագրի՝ «Հայկական վերածնունդը» ստացավ քաղաքապետի տեղակալի պաշտոնը։ Մինչ օրս այդ պաշտոնն զբաղեցնում է ՀՎԿ խմբակցության անդամ Արկադի Փելեշյանը։

Վանաձորի ավագանու «Դաշնակցություն» խմբակցության անդամ Արևիկ Լոքյանն ասաց՝ այս մասին իրենց քաղաքական թիմում քննարկումներ կան, բայց դեռևս որոշակի հայտարարի չեն եկել։ «Փոփոխություն լինելու դեպքում հանդես կգանք համապատասխան հայտարարությամբ», - ասաց Լոքյանը։