Վրաստանի վարչապետի նստավայրում հարևան երկրների վարչապետերի առանձնազրույցին հետևեց ընդլայնված կազմով հանդիպումը, ապա՝ Գիորգի Կվիրիկաշվիլին և Նիկոլ Փաշինյանը լրագրողների առջև հանդես եկան հայտարարությամբ:
Թե՛ Կվիրիկաշվիլին, թե՛ Փաշինյանն անդրադարձան Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությանը: Վրաստանի վարչապետը ողջունեց Հայաստանում տեղի ունեցած իշխանության խաղաղ փոխանցումը, իսկ Փաշինյանն ասաց, որ ստեղծված իրավիճակը պետք է ծառայեցնել ի նպաստ հայ-վրացական հարաբերությունների․ - «Մենք եկել ենք այստեղ՝ կոնկրետ հեռանկարներ բացելու, կոնկրետ խնդիրներ լուծելու հնարավորությունը ստեղծելու համար: Ես համոզված եմ, որ մեր հարաբերություններում կլինեն լրջագույն և նոր զարգացումներ, և այդ նոր զարգացումները կբխեն Հայաստանի Հանրապետության և Վրաստանի Հանրապետության շահերից: Մենք համոզված ենք, որ ընդհանրապես հայ-վրացական հարաբերություններում չլուծվող խնդիրներ չկան, որովհետև ամենակարևոր գործոնը խնդիրների լուծման տրամադրվածությունն է և ցանկությունը: Մեր պատվիրակությունը եկել է Թբիլիսի՝ հավաստելու մեր պատրաստակամությունը եղբայրության և բարեկամության մթնոլորտում քննարկել բոլոր հարցերը: Եվ մենք համոզված ենք, որ այս մթնոլորտը և տրամադրվածությունը կարող է լրջագույն զարգացումներ բերել մեր հարաբերություններում, և ես շատ ուրախ եմ արձանագրելու համար, որ Վրաստանի կառավարությունը և անձամբ վարչապետը նույնպիսի տրամադրվածություն ունեն մեր հարաբերությունների հետագա զարգացման համար։ Ըստ էության, մենք գտնվում ենք մեր հարաբերությունների զարգացման մի հանգրվանում, որտեղ հնարավորություն կա մեծ լիցք, մեծ թափ և մեծ էներգիա հաղորդել մեր երկկողմ հարաբերություններին և այդ հարաբերությունները խորացնել բոլոր ուղղություններով և բոլոր մակարդակներում»:
Վարչապետ Փաշինյանը բավական մեծ պատվիրակությամբ է եկել՝ կառավարության անդամներ Պաշտպանության, Արտաքին գործերի նախարարների, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ուղեկացությամբ: Պատվիրակության կազմում է նաև Ազգային ժողովի փոխնախագահ, Արտաքին հարաբերությունների խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:
Օրվա ընթացքում հանդիպումներ եղան նաև Վրաստանի Ազգային ժողովի նախագահի և Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հետ:
Նիկոլ Փաշինյանն այցելեց նաև Խոջիվանքի պանթեոն-գերեզմանատուն, որտեղ ամփոփված են հայ մտավարականների՝ Րաֆֆու, Հովհաննես Թումանյանի, Գաբրիել Սունդուկյանի և այլոց աճյունները:
Խոջավանքում Փաշինյանը պատասխանեց «Ազատության» հարցերին՝ ամփոփելով այցի առաջին օրը․ - «Առաջին այցն էր, և ճանաչողական նշանակություն ունեցավ: Ես կարող եմ ասել, որ ի դեմս Վրաստանի վարչապետի, նախագահի, Ազգային ժողովի նախագահի ձեռք բերեցի լավ բարեկամներ, և համոզված եմ, որ մեր երկրների հարաբերությունները կզարգանան այդ բարեկամությանը համահունչ:
Հարցին, թե քննարկվել է արդյոք Լարսի անցակետի այլընտրանքի հարցը, վարչապետն արձագանքեց․ - «Բոլոր հարցերը քննարկվել են, և բոլոր հարցերով մենք կշարունակենք աշխատել»:
Խոջավանքից Հայաստանի վարչապետն ուղևորվեց Սբ Գևորգ հայկական եկեղեցի, որի բակում մեծ թվով վրացահայեր էին հավաքվել: Այստեղ Փաշինյանը ելույթ ունեցավ, շփվեց հավաքվածների հետ:
Վաղը Հայաստանի վարչապետն ուղևորվելու է Ջավախք, կանգառներ է անելու հայկական մի քանի գյուղերում, Նինոցմինդա և Ախալքալաք քաղաքներում: