Խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն «Ազատության» հետ զրույցում շեշտում է, որ մեկին՝ Շիրակի Թորոսյանին իրենք են հեռացրել խմբակցության որոշմանը դեմ գնալու և վերջին պահին Նիկոլ Փաշինյանի վարչապետի թեկնածությանը կողմ քվեարկելու համար, իսկ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսան՝ Արթուր Գևորգյանը ինքնակամ է հեռացել:
Ընդ որում, Վահրամ Բաղդասրայանը ընդգծում է, որ Շիրակ Թորսյանը խմբակցությունից դուրս գալու դիմումը գրել է այսօր, այսինքն՝ երբ արդեն հեռացված է եղել Հանրապետական խմբակցությունից: Բաղդասարյանը նաև փակագծեր բացեց․ Շիրակ Թորոսյանը մինչև վերջին պահը վստահեցրել է, թե դեմ է քվեարկելու Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը, սակայն խոստումը չի պահել: Բացի այդ, հրապարակային ելույթներում նաև դեմ է արտահայտվել քաղաքական դիրքորշումը, որը նունպես Հանրապետական խմբակցության կանոնակարգի խախտում է․ - «Ըստ պայմանավորվածության, մինչև վերջին պահը ինքը հայտարարել էր, որ ինքը պետք է ենթարկվի քաղաքական որոշմանը: Հանկարծակի էր, պարզապես հանկարծակի էր այդ երևույթը: Եվ դա անակնկալ է եղել բոլորի համար»:
Մեր դիտարկմանը, որ Հանրապետական խմբակցության քաղաքական որոշմանը դեմ է արտահայատվել նաև պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը՝ երկու անգամ կողմ քվեարկելով Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը, և հարցին, թե հնարավոր է, որ նրան էլ առաջիկայում հեռացնեն խմբակցությունից, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց, թե կանոնակարգի համաձայն երեք անգամից ավելի խմբակցության որոշումներին դեմ արտահայտվելու դեպքում կարող են հեռացրել: Առայժմ Ֆելիքս Ցոլակյանի դեպքում բավարարվել են նկատողությամբ․ - «Որովհետև նա որևէ հրապարակային ելույթներ չի ունեցել մեր քաղաքական դիրքորոշմանը դեմ»:
«Ազատության» հարցին, թե արդյո՞ք մտավախություն չունեն, որ այսպես հերթով պատգամավորները կհեռանան, և մեծամասնությունից խորհրդարանում վերածվեն փոքրամասնության, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց, որ մտավախություն չունեն, բայց մտահոգություններ կան, ինչը Հայաստանում տեղի ունեցած զարգացումների պարագայում բնական է: Նրա խոսքով, բոլոր այդ պատգամավորները պետք է հասկանան, որ պատգամավոր են դարձել Հանրապետական կուսակցության շնորհիվ:
Ամեն դեպքում, երբեմնի իշխող խմբակցության ղեկավարը վստահեցնում է, որ ստիպողաբար որևէ մեկին խմբակցությունում չեն պահելու, և եթե որևէ մեկը կրկին խախտի խմբակցության կանոնակարգը, ապա չեն վարանի, և տվյալ պատգամավորի հեռացման հարցը նույնպես քննարկման առարկա կդարձնեն․ - «Մենք կառչած չենք, որպեսզի խմբակցությունը լիովին պահպանի իր 58 հոգին, կամ 56 հոգին: Կլինե՞ն կարգապահական խախտումներ, այդտեղ կուսակցությունն իր դիրքորոշումը կարտահայտի․․․ Եթե որոշ մարդիկ որոշում են, որ միայն իրանք պետք է լինեն, միշտ իշխանություն պետք է լինեն, դա քաղաքական գործչի քայլ չէ: Եթե հիմա ինչ-որ բաներ են մտածում, որ քննադատություններ են ցանկանում անել, այդ քննադատությունները կարող էին անել հինգ տարի առաջ, երեք տարի առաջ: Երբ որ գալիս խնդրում էին, որպեսզի իրենք ընդգրկվեն ցուցակներում, որպեսզի պատգամավոր դառնան, նրանք չգիտեի՞ն, որ Հանրապետական կուսակցությունում կարող են լինել խնդիրներ, կամ կան խնդիրներ»:
«Ազատություն»․ - Դուք անընդունելի՞ եք համարում դժվար պահին Հանրապետականը լքելու ձեր գործընկերների այս քայլերը:
Բաղդասարյան․ - Ոչ թե Հանրապետականը, այլ կյանքում, ցանկացած բնագավառում իմ կողմից հարգանքի արժանի են այն մարդիկ, որոնք կրկնապատկում են ուրախությունները, լավ օրերը և կիսում են դժվար օրերը: Դա ընդհանրապես մարդկային օրենքն է:
«Ազատություն»․ - Հիմա, Հանրապետականի համար այս դժվարին օրերին, հնարավոր համարո՞ւմ եք, որ, օրինակ, գործարար շերտը լքի խմբակցությունը՝ հաշվի առնելով այն ստուգումները, որ սկսվել են Ազգային անվտանգության ծառայության կողմից: Երեկ ԱԱԾ-ն հաստատեց, որ ձեր խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Երևան սիթի» սուպերմարկետների ցանցում արդեն իսկ ստուգումներ են իրականցվում․ հարկերի չվճարման հետ կապված խնդիրներ կան․․․ Հնարավո՞ր է, որ այս գործարար շերտը իրեն ապահովելու համար դուրս գա Հանրապետական խմբակցությունից:
Բաղդասարյան․ - Այսինքն, ես կարող եմ ենթադրել, որ եթե նրանք խմբակցությունից դուրս գան, ստուգումները կդադարեն: Բայց դա, կարծես թե, այսօրվա իշխանության դիրքորոշմանը կարծես թե հակասում է: Եթե այդպես պետք է լինի, կարող է նմանատիպ հայտարարություն լինի, որ այն բոլոր անձինք, ովքեր դուրս կգան Հանրապետական կուսակցությունից, նրանց նկատմամբ որևէ ստուգում չի լինի, և ամեն ինչը կլինի օրինական: Այդ դեպքում մենք կանենք հետևություններ, մարդիկ կարող են կողմնորոշվել»: