Ձերբակալությունների նոր ալիք Ադրբեջանում

Բաքու, 28-ը մայիսի, 2018 թ․

Մայիսի 28-ին, Ադրբեջանի առաջին հանրապետության օրվան նվիրված հավաքի մի խումբ ընդդիմադիր մասնակիցներ բերման են ենթարկվել և կալանավորվել են:

Ադրբեջանի իրավապահները թիրախավորել են, մասնավորապես, ընդդիմադիր «Ռեալ» կուսակցության ակտիվիստներին: Այս քաղաքական ուժի անդամներ Նարիման Մուջահիդ Իսմայիլը, Ազեր Գասըմլըն 30 օրվա վարչական կալանքի են ենթարկվել ոստիկանի օրինական պահանջներին չենթարկվելու մեղադրանքով, իսկ Էլմին Խամզան ենթարկվել է 25-օրյա կալանքի: Ակտիվիստ Առաստուն Բախաշալիևի պատիժը դատարանը դեռևս չի որոշել, ևս երկու ակտիվիստներ էլ բերման են ենթարկվել: «Թուրան» գործակալության տվյալներով, ամենայն հավանականությամբ՝ նրանք նույնպես վարչական կալանքի կենթարկվեն:

Մայիսի 28-ին Ադրբեջանի առաջին հանրապետության հարյուրամյակի կապակցությամբ ընդդիմությունը երթ էր կազմակերպել, ինչն ուղեկցվել էր ոստիկանների հետ ոչ մեծ բախումներով: Իրավապահները թույլ չեն տվել, որ ցուցարարները մեծ խմբերով մոտենան առաջին հանրապետությանը նվիրված հուշասյանը: Բաքվում այդ օրը զուգահեռաբար ընթացող երկու միջոցառումների ժամանակ իշխանությունն ու ընդդիմությունը խոսում էին միանգամայն տարբեր Ադրբեջանների մասին:

Նախագահ Ալիևն իր ելույթում անդրադարձել է «բանակի ձեռքբերումներին», տնտեսական հաջողություններին, կայունությանը, «եկամտաբեր» էներգետիկ ծրագրերին, «ժողովրդավարության բարձր մակարդակին» և այլն: Մինչդեռ, ընդդիմադիրների ելույթները վերաբերել են կոռուպցիային, մարդու իրավունքների խախտումներին, այլախոհներին ճնշելուն:

Տարբեր գնահատականներով՝ Ադրբեջանում շուրջ 140 քաղբանտարկյակ կա, այդ թվում՝ լրագրողներ: Փորձագետների դիտարկմամբ՝ Ադրբեջանի խորհրդարանում չկա գեթ մեկ ընդդիմադիր պատգամավոր: Մամուլի ազատության ինդեքսում այդ երկիրը զբաղեցնում է 163-րդ հորիզոնականը՝ 180 պետությունների շարքում: