Ռուս ազատականները Բաբչենկոյի սպանությունը համեմատում են Նեմցովի սպանության հետ

Կիև, ՌԴ դեսպանատան մերձակա տարածք, 28-ը մայիսի, 2018 թ․

Ուկրաինայի վարչապետ Վլադիմիր Գրոսմանը հայտարարել է, որ ռուսաստանցի լրագրող Արկադի Բաբչենկոյի սպանության համար պատասխանատու է Մոսկվան:

ՌԴ նախագահ Պուտինի կոշտ ընդդիմախոս՝ ռուսաստանցի լրագրող և բլոգեր Արկադի Բաբչենկոյի սպանության մեջ Կիևը մեղադրում է Կրմելին: Պաշտոնական Մոսկվան և Ռուսաստանի դաշնային հեռուստաընկերությունները, մինչդեռ, հայտարարում են, թե նրա սպանությունը Մոսկվայում ոչ մեկին պետք չէր, և որ Կիևը վտանգավոր քաղաք է դարձել ռուսաստանցիների համար։

Միջազգային հանրությունն այդ հանցագործությունը շուտափույթ բացահայտելու կոչեր է արել։ Ուկրաինայի և Ռուսաստանի քննչական կոմիտեները միմյանցից անկախ քրգործեր են հարուցել Բաբչենկոյի սպանության առիթով։ «Մեծ ողբերգություն է տեղի ունեցել, սպանվել է Ռուսաստանի քաղաքացի, նա մեծ ընտանիք ուներ։ Մոսկվան հույս ունի, որ այդ հանցագործության առնչությամբ կլինի իսկական, այլ ոչ թե ցուցադրական հետաքննություն»,- այսօր հայտարարել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսոկովը։

Ուկրաինայի վարչապետ Վլադիմիր Գրոսմանը դեռևս անցած գիշեր, սպանությունից մի քանի ժամ անց, հայտարարել էր, որ ռուսաստանցի լրագրող Արկադի Բաբչենկոյի սպանության համար պատասխանատու է Ռուսաստանը: Նրա խոսքով՝ Մոսկվան չներեց լրագրողի ազնվությունն ու սկզբունքայնությունը: «Բաբչենկոն Ուկրաինայի իսկական ընկերն էր, ով աշխարհին պատմում էր ճշմարտությունը ռուսական ագրեսիայի մասին»,- «Ֆեյսբուքում» գրել է Գրոսմանը:

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Պավել Կլիմկինի կարծիքով՝ Բաբչենկոյի սպանության հետևում «հնարավոր է»՝ կանգնած է Կրեմլը: Նա հիշեցրել է, որ լրագրողը ստիպված հեռացել էր Ռուսաստանից՝ սպառնալիքների պատճառով: «Նա շարունակում էր պայքարել Ռուսաստանի ժողովրդավարության համար, Ուկրաինայի համար, և իհարկե՝ Մոսկվան նրան միշտ թշնամի է համարել»,- ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում ասել է Ուկրաինայի արտգործնախարարը:

ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպան Վասիլի Նեբենզյան, իր հերթին, նկատել է՝ «պաշտոնական Կիևը, անկասկած, Բաբչոնկոյի սպանության մեջ կմեղադրի Մոսկվային»: Ռուսաստանի արտգործնախարարությունը ցավակցություն է հայտնել Արկադի Բաբչենկոյի ընտանիքին և հարազատներին, նրա սպանությունը համարելով Ուկրաինայում տիրող «տոտալ անպատժելիության մթնոլորտի հետևանք»:

Արկադի Բաբչենկոյին Կիևի իր բնակարանի մոտ սպանել են երեկ երեկոյան, երբ նա խանութից վերադառնալիս է եղել: Հենց բնակարանի դռան մոտ հանցագործը երեք անգամ կրակել է նրա թիկունքին։ Բաբչենկոն մահացել է հիվանդանոցի ճանապարհին, շտապ օգնության մեքենայում:

Կիևի իրավապահները հանցագործության երկու հիմնական վարկած են դիտարկում՝ լրագրողի մասնագիտական գործունեությունը և նրա քաղաքացիական դիրքորոշումը: Արդեն իսկ ֆոտոռոբոտի օգնությամբ ստացվել է հանցագործի ուրվանկարը, որը տարածել է Ուկրաինայի ոստիկանությունը։

Բաբչենկոյի ընկերը, լրագրող Այդեր Մուժդաբաևը ևս հայտարարել է, որ լրագրողի սպանության հետևում կանգնած է Մոսկվան։ «Բաբչենկոն որևէ բառ անգամ Ուկրաինայի ներքին քաղաքականության մասին չի գրել: Քանի որ նա չէր հասցրել ստանալ Ուկրաինայի քաղաքացիություն, նա իրեն իրավունք չէր վերապահում քննադատել Ուկրաինայի իշխանություններին: Նրա բոլոր հոդվածներն ու հաղորդումները միայն Ռուսաստանի մասին էին»,- հայտարարել է Մուժդաբաևը։

Բաբչենկոն Կրմելի ամենակոշտ ընդդիմախոսներից էր: Նա քննադատում էր ոչ միայն Պուտինին, այլև նրան աջակցող ռուսաստանցիներին: Բաբչենկոյին քննադատաբար էին վերաբերվում նույնիսկ ազատական հայացքներով լրագրողներն ու փորձագետները։ «Ազատության» ռուսական ծառայությունը Բաբչենկոյի հարցազրույցներից մի տեսագրություն է հրապարակել: Ստորև հատվածներ՝ լրագրողի խոսքից․

«Ես ուզում եմ ապրել մինչ 96 տարեկան, բայց ցանկանում եմ ապրել նորմալ երկրում։ Մի երկրում, որը չի սպանում մարդկանց, չի սպանում ոչ սեփական, ոչ էլ ուրիշ երկրների քաղաքացիներին։ Մի երկրում, որը չի հարձակվում մյուս երկրների վրա, որտեղ հարգում են մարդու ընտրությունը։ Ուզում եմ, որ իմ երկրում անվտանգ լինի, ուզում եմ կառուցել նման երկիր և ապրել այդ երկում մինչև 96 տարեկան»:

«Ղրիմի անեքսիան ամենակարևոր իրադարձությունն էր Ռուսաստանի նորագույն պատմության մեջ 1991-ից հետո։ Սա ջրբաժան էր։ Սա շատ շատ շատ վատ է»։

«Ես համարում եմ, որ Պուտինի ռեժիմն ամենաուժեղ դիկտատուրան է այսօր աշխարհում, և նա չի հեռանա: Նա ցար է, կմնա դեռ երկար: Պուտինը դա պրոբլեմ է, Պուտինը պատերազմ է․․․»:

Արկադի Բաբչենկոյի սպանության լուրը պարզապես պայթեցրել է ռուսական ինտերնետ-տարածքը։ Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում այսօր անցկացվում են Բաբչենկոյի հիշատակին նվիրված հավաքներ, իսկ նրա սպանությունը Ռուսաստանի ազատական հանրությունում համեմատում են Նեմցովի սպանության հետ։