Հայաստանի վարչապետը հանդիպեց Վրաստանի նախագահի, խորհրդարանի նախագահի հետ

Հայաստանի վարչապետի հանդիպումը Վրաստանի նախագահի հետ, լուսանկարը՝ վարչապետի պաշտոնական կայքէջի

Վրաստան պաշտոնական այցի շրջանակում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց է ունեցել Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հետ։

Հայաստանի վարչապետի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ Մարգվելաշվիլին բարձր է գնահատել երկու երկրների կառավարությունների միջև տեղի ունեցած հանդիպման արդյունքները և նշել, որ քննարկված հարցերն ու նախաձեռնությունները խթան կհանդիսանան հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը: «Ուրախ եմ հանդիպելու Հայաստանի ժողովրդավար վարչապետին: Հույս ունեմ, որ Ձեր այցը նոր երանգ կհաղորդի հայ-վրացական հարաբերություններին, որոնք ունեն բազմադարյա պատմություն», - ասել է Վրաստանի նախագահը:

Փաշինյանը նշել է, որ ուրախ է պաշտոնական այցի շրջանակում Մարգվելաշվիլիին հանդիպելու և երկու երկրների հարաբերությունների հետագա խորացման ու զարգացման հեռանկարները քննարկելու հնարավորության համար: «Ուրախ եմ, որ իմ այցը Վրաստան կայանում է մեր երկրում տեղի ունեցող ժողովրդավարական զարգացումների ֆոնին, համոզված եմ, որ ժողովրդավարությունը մեր երկրների համար ունի կենսական նշանակություն: Մեր ժողովուրդների համոզմունքը երկկողմ հարաբերություններում հիմնված է սիրո և համերաշխության վրա, և մենք ջանքեր չենք խնայի դրանց նոր թափ հաղորդելու համար», - ասել է Հայաստանի վարչապետը՝ համոզմունք հայտնելով, որ հանդիպման ընթացքում կկարողանան ուրվագծել միջպետական համագործակցության զարգացման նոր հնարավորություններ:

Վարչապետը նշել է, որ 2018 թվականը Հայաստանի համար չափազանց հագեցած է մասշտաբային միջոցառումների տեսանկյունից, և հույս է հայտնել, որ Գիորգի Մարգվելաշվիլիին հանդիպելու ևս մեկ առիթ կլինի աշնանը Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի շրջանակում:

Նիկոլ Փաշինյանը և Գիորգի Մարգվելաշվիլին քննարկել են հայ-վրացական հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր:

Հայաստանի վարչապետը Թբիլիսիում հանդիպում է ունեցել Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեի հետ:

Կոբախիձեն կարևորել է երկու երկրների կառավարությունների և խորհրդարանների միջև ակտիվ համագործակցությունը և ընդգծել, որ այն կնպաստի հայ և վրաց ժողովուրդների կապերի է՛լ ավելի ամրապնդմանն ու ընդլայնմանը:

Փաշինյանն ընդգծել է, որ երկու երկրների հարաբերություններում կարևոր տեղ է հատկացվում միջխորհրդարանական երկխոսությանը։ «Հաշվի առնելով, որ Հայաստանը անցում է կատարել լիարժեք խորհրդարանական կառավարման համակարգի, դա մեզ պարտավորեցնում է երկկողմ խորհրդարանական համագործակցությունը բարձրացնել նոր մակարդակի», - ասել է վարչապետը:

Զրուցակիցները համոզմունք են հայտնել, որ Հայաստանի և Վրաստանի խորհրդարանականների պարբերական հանդիպումներն իրենց ներդրումն ունեն երկու երկրների միջև բարիդրացիական հարաբերությունների զարգացման գործում։

Նիկոլ Փաշինյանը և Իրակլի Կոբախիձեն ընդգծել են, որ ինտենսիվ երկխոսության միջոցով Հայաստանն ու Վրաստանը ի վիճակի են արագորեն լուծել բոլոր հարցերը, գտնել գործընկերության նոր ձևաչափեր և փոխշահավետ համատեղ նախագծերի ու ծրագրերի իրականացման նոր հնարավորություններ։