Էներգետիկայի նախարարությունը քննարկում է գազի և էլեկտրաէներգիայի սակագինը նվազեցնելու հնարավորությունը։ Այդ մասին հայտարարեց էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը։
Գրիգորյանը, սակայն, նշեց, որ դեռևս պարզ չէ՝ սակագինը կնվազի՞, թե՞ կմնա նույնը։
«Այս պահին քննարկումները շարունակվում են։ Քննարկումը մենք սկսել ենք երեկ երեկոյան ժամը 7-ին, չի ավարտվել քննարկումները, ինձ թվում է, որ մեկ-երկու օրվա ընթացքում կավարտենք և ես ձեզ կտեղեկացնեմ։ Հաշվարկների արդյունքները, երբ որ պարզ լինեն, մենք էդ ժամանակ կհրապարակենք։ Քանի որ էլեկտրաէներգիայի սակագինը վերանայվում է օրենքով սահմանված կարգով վեց ամիսը մեկ անգամ, եթե վերանայվի, մոտավոր դա կլինի օգոստոս ամսից հետո, քանի որ փետրվար ամսին արդեն իսկ մեկ անգամ սակագին է վերանայվել», - ասաց նախարարը։
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի տեղակալ Միքայել Սողոմոնյանն իր հերթին տեղեկացրեց՝ այժմ ինտենսիվ քննարկում են գազի և էլեկտրաէներգիայի սակագնի իջեցման հարցը։
Թե քննարկումների արդյունքում սակագինը որքան կիջնի, Սողոմոնյանը դժվարացավ ասել։ «Այս պահին չեմ կարող ասել, որովհետև էլեկտրաէներգիայի և բնական գազի սակագները շատ բազմագործոն սակագներ են, կախված են բազմաթիվ գործոններից և ճշգրտման մեխանիզմներից։ Հիմա հենց քննարկումների արդյունքում փորձում ենք հասկանալ թե՛ այդ գործոնների ազդեցությունը, թե՛ նաև ռեզերվները, որ հնարավոր է հայթայթել», - ասաց Սողոմոնյանը։
«Ազատության» հարցին, թե սակագինը իջեցնելու հարցն առաջ եկավ իշխանափոխությունի՞ց հետո, Սողոմոնյանը պատասխանեց, որ յուրաքանչյուր տարի քննարկում են այն։
«Յուրաքանչյուր տարի քննարկում ենք էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության հետ, յուրաքանչյուր տարի, գիտեք, վերանայվում են սակագները, այս տարի ևս մեկ անգամ, դա փորձում ենք և ավելի ինտենսիվ», - ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի տեղակալը։