Կառավարությունը դադարեցնում է ԲԷՑ-ի վերաբերյալ «Տաշիր կապիտալ»-ի հետ պայմանագիրը

ԲԷՑ-ի շենքը

Հայաստանի կառավարությունը դադարեցնում է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր»-ը «Տաշիր Կապիտալին» 25 տարով հավատարմագրային կառավարման հանձնելու պայմանագիրը: Այդ մասին խորհրդարանում՝ լրագրողների հետ զրույցում, տեղեկացրեց էներգետիկայի նախարար Արթուր Գրիգորյանը։

Ըստ նախարարի, պայմանագրում կետեր կային, որոնք ձեռնտու չէին պետությանը, և, հետևաբար, «Բարձրավոլտ էլեկտրացանցներ» ընկերությունը կմնա իբրև պետական հիմնարկ:

Նշենք, որ «Տաշիր կապիտալ»-ը ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր գրուպ»-ի մաս է։

«Պայմանագիրը դադարեցվել է։ «Բարձրավոլտ էլեկտրականցանցեր» ՓԲ ընկերությունը պետք է 25 տարով հավատարմագրային կառավարման հանձնվեր «Տաշիր գրուպ»-ին, այս պահին դադրեցվել է պայմանագիրը և այն մնալու է որպես պետական հիմնարկություն։ Պայմանագրում նշված կետեր կային, որ ուղղակի ձեռնտու չէր պետությանը», - ասաց նախարարը։

Անցած տարի, մինչդեռ, հիշեցնենք, Կարեն Կարապետյանի կառավարությունը հիմնավորում էր, թե 100 տոկոս պետական սեփականություն հանդիսացող ընկերությունը «Տաշիր կապիտալ»-ին հավատարմագրային կառավարման հանձնելը մի շարք առավելություններ ունի՝ ծախսերի օպտիմալացման, ներդրումների կառավարման և տեխնիկական քաղաքականության տեսանկյունից:

Հարցին, թե արդյո՞ք ճիշտ են տեղեկություններն այն մասին, որ «Բարձրավոլտ էլեկտրացանցեր»-ը ձեռք բերելու հարցում հետաքրքրված է այսօրվա կառավարության մաս կազմող «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, էներգետիկայի նախարար Արթուր Գրիգորյանն ասաց, թե դա իրականությանը չի համապատասխանում: «Բացարձակ սուտ է», - ասաց Գրիգորյանը։

Նկատենք՝ Արթուր Գրիգորյանն էներգետիկայի նախարար է նշանակվել «Ծառուկյան» դաշինքի կողմից:

Տնտեսագետ Վահագն Խաչատրյանն՝ անդրադառնալով ԲԷՑ-ի հետ պայմանագիր չեղյալ հայտարարելու կառավարության որոշմանն, «Ազատության» հետ զրույցում շեշտեց՝ սա ճիշտ քայլ էր, քանի որ ի դեմս «Տաշիր խմբի» արհեստական մենաշնորհ էր ստեղծվել Հայաստանի էներգետիկ համակարգում։

Ըստ տնտեսագետի, նոր կառավարությունն իր այս որոշմամբ ներդրողներին հուշում է, որ էներգետիկ համակարգում դեմ է մենաշնորհներին։

«Էներգետիկայի ռազմավարական զարգացման տրամաբանության մեջ ԲԷՑ-ը պետք է մնա միայն պետական, այսինքն՝ սա այն եզակի լծակն է, որ պետությունը կարող է որպես կարգավորիչ դեր կատարել արտադրող, տեղափոխող և սպառողների միջև։ Փաստորեն արհեստական մենաշնորհ էր ստեղծվել հանձինս «Տաշիր խմբի», որովհետև «Տաշիր»-ը նաև արտադրող էր, «Տաշիր»-ը դառնում էր նաև տեղափոխող, այսինքն՝ ՀԷՑ-ն էր, «Տաշիր»-ը՝ նաև «Բարձրավոլտ», այսինքն՝ մի հատ էլ բաշխիչ ցանց։ Այդ ամեն ինչը հակասում էր այն տրամաբանությանը, որ պետք է գործեր էներգետիկայի համակարգում ազատական գաղափարախոսության մեջ։ Միանշանակ ճիշտ որոշում էր, որովհետև սա նաև հուշում է բոլոր ներդրողներին, որ «տեսեք՝ գործող կառավարությունը փոխում է իր մոտեցումը էներգետիկայում, դուք կարող եք ազատ միջոցներ ներդնել և «Տաշիր խումբը» առանձնահատուկ վերաբերմունքի չի արժանանում իշխանության կողմից, այլ մնացածներն էլ կարող են գալ և այդ բնագավառում ներդրումներ կատարել։ Եթե կարիք կա, «Բարձրավոլտի» մեջ էլ կարող են որոշակի մասնակցություն ունենալ»։

Հարցին, թե չի՞ կարծում, որ ԲԷՑ-ը կարող է հավատարմագրային կառավարման տրվի մեկ այլ ընկերության, Վահագն Խաչատրյանը պատասխանեց. - «Ես ուզում եմ հավատալ, որ դա չի կատարվել մեկ այլ ընկերությանը տալու համար։ Միակ ճիշտ լուծումն այն է, որ «Բարձրավոլտը» պետք է մնա որպես Հայաստանի Հանրապետության սեփականություն և Հայաստանի Հանրապետության կողմից կառավարվի»։