Սեֆիլյանի գործով դատավարությունը մեկ շաբաթով հետաձգվեց

Հիմնադիր խորհրդարանի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի ու մյուսների գործով վերաքննիչ բողոքների քննությունն այսօր տեղի չունեցավ:

Պատճառն այն է, որ ամբաստանյալները կալանավայրից դատարան չէին բերվել: Երբ Վերաքննիչ դատարանի դատավորը հայտարարեց այս մասին, դա առաջացրեց Սեֆիլյանի աջակիցների դժգոհությունը:

Ստեղծված իրավիճակում դատավորները, անհնար համարելով նիստի շարունակումը, այն մեկ շաբաթով հետաձգեցին․ - «Ներկա իրավիճակի պատճառով դատական նիստը հետաձգվում է»:

Ժիրայր Սեֆիլյանի շահերի պաշտպան Տիգրան Հայրապետյանը, ով այսօր պատրաստվում էր Սեֆիլյանի խափանման միջոցը փոխելու և նրան ազատ արձակելու միջնորդություն ներկայացնել, «Ազատությանը» փոխանցեց, որ, ըստ ոստիկանության ուղեկցող գումարտակի գրության, ամբաստանյալները դատարան չեն բերվել տեխնիկական պատճառներով:

«Աշխատանքային ծանրաբեռնվածության և տեխնիկական միջոցների խնդիրների պատճառով․ էսպիսի լղոզված գրություն էր ուղարկել: Պետք է հասկանալ, որ ոստիկանությունում չկա համապատասխան միջոց, որպեսզի յոթ կալանավորի ներկայացնեն դատարան: Ոստիկանությունը չի կարող ասել՝ չունեմ համապատասխան մեքենաներ, չեմ կատարում, որովհետև դատարանի որոշումը ենթակա է կատարման: Հակառակ դեպքում քրեորոն պատժելի հետևանքներ պետք է վրա հասնեն», - «Ազատության» հետ զրույցում ասաց Հայրապետյանը:

Սեֆիլյանի աջակիցները որոշեցին մնալ Վերաքննիչ քրեական դատարանի նախասրահում: Հիմնադիր խորհրդարանի առաջնորդի եղբայրը՝ Թորոս Սեֆիլյանը հայտարարեց, որ ամբաստանյալներին դատարան չբերելը կազմակերպված սադրանք է, որը խնդիր ունի սեպ խրել իրենց և Նիկոլ Փաշինյանի գլխավորած գործադիր իշխանության միջև․ - «Դա գցեցին այսօր շատ հստակորեն ոստիկանության վրա: Դա իրենց կողմից շատ մեծ սադրանք է, որպեսզի սաբոտաժ անեն Նիկոլին»:

Վերջերս կալանքից ազատ արձակված Կարո Եղնուկյանը հայտարարեց, որ հեռախոսազրույց է ունեցել մի բարձրաստիճան ոստիկանի հետ, ով ասել է, որ Սեֆիլյանին ու մյուս ամբաստանյալներին դատարան չբերելու պատճառը օպերատիվ տեղեկությունն է, թե Սեֆիլյանի աջակիցները պատրաստվում են փողոց փակել․ - «Ոստիկանության այդ ներկայացուցիչը ինձնից պահանջում էր երաշխիքներ, որ դա չի լինի՝ ասելով, որ եթե երաշխիքը չլինի, մենք չենք բերելու: Սա սաբոտաժ է, որը միտված է կռվացնել մեզ և ներկայիս գործադիր իշխանությանը՝ վարչապետի գլխավորությամբ: Մենք դրան չենք գնալու: Բայց մենք, եթե այսպես շարունակվի, այո՛, քաղաքացիական անհնազանդությունը օրենքի սահմաններում կկիրառենք: Այսօր մենք դա չենք անում, որպեսզի ապացուցենք, որ չկա այդպիսի բան: Ապացուցենք, որ մենք հասկանում ենք այդ սաբոտաժը»:

Այսօրվա դատական նիստին մասնակցելու էր եկել նաև «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը: Նրա պնդմամբ, թե՛ Սեֆիլյանի, թե՛ «Սասնա ծռերի» գործով անցնող անձինք պետք է ազատ արձակվեն․ - «Բացառությամբ այն ամբաստանյալների, որոնք մարդասպանության մեջ կասկածվում են, մնացածը քաղաքական բանտարկյալներ են և պետք է ազատ արձակվեն: Այս վիճակը ցավալի է, որ հետաձգվում է այս պահը: Անհայտ է մնում, թե ինչու նոր կառավարության ոստիկանությունը ունակ չի ամբաստանյալներին՝ Ժիրայր Սեֆիլյանին և մյուսներին, բերել դատարան: Դա իրենց սահմանադրական նվազագույն իրավունքն է»:

Ի վերջո այսօր Սեֆիլյանի աջակիցները երթով հասան Վճռաբեկ դատարան, որին միջնորդել էին վերացնել Սեֆիլյանի ու մյուսների կալանքը:

Ավելի քան երկու ամիս առաջ «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը դատապարտվեց 10 տարի հինգ ամսվա ազատազրկման՝ երեք տարի առաջ՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցին, զանգվածային անկարգություններ նախապատրաստելու և այլ բռնի գործողություններ ծրագրելու համար: Սեֆիլյանի համակիրներից Գևորգ Սաֆարյանը նույն գործով դատապարտվել է 5.5 տարվա ազատազրկման, մյուս հինգ ամբաստանյալներն արժանացել են 2-3,5 տարվա ազատազրկումների:

Տեղի ունեցողը քաղաքական հալածանք համարելով՝ Սեֆիլյանն ու մյուս ամբաստանյալներից հինգը վերաքննիչ ատյանից արդարացման վճիռ են պահանջում: