Հայ-վրացական հարաբերություններում չլուծվող խնդիրներ չկան, որովհետև գործոնը` խնդիրների լուծման տրամադրվածությունն է և ցանկությունը, այսօր Թբիլիսիում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ առանձնազրույցից, ապա ընդլայնված կազմով բանակցություններից հետո համատեղ մամուլի ասուլիսում։
«Մեր պատվիրակությունը եկել է Թբիլիսի հավաստելու մեր պատրաստակամությունը եղբայրության և բարեկամության մթնոլորտում քննարկել բոլոր հարցերը։ Մենք համոզված ենք, որ այս մթնոլորտը և տրամադրվածությունը կարող է լրջագույն զարգացումներ բերել մեր հարաբերություններում և ես շատ ուրախ եմ արձանագրելու համար, որ Վրաստանի կառավարությունը և անձամբ վարչապետը նույնպիսի տրամադրվածություն ունեն մեր հարաբերությունների հետագա զարգացման համար», - ասաց Փաշինյանը՝ շարունակելով. - «Ըստ էության, մենք գտնվում ենք մեր հարաբերությունների զարգացման մի հանգրվանում, որտեղ հնարավորություն կա մեծ լիցք, մեծ թափ և մեծ էներգիա հաղորդել մեր երկկողմ հարաբերություններին և այդ հարաբերությունները խորացնել բոլոր ուղղություններով և բոլոր մակարդակներում»։
Ընդգծելով որ կարևորագույն խնդիրը տարածաշրջանային կայունությունն է, Փաշինյանը նշեց, որ Վրաստանի վարչապետի հետ մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային կայունության, խաղաղության և անվտանգության հարցերի շուրջ։
«Այստեղ նույնպես մենք պետք է մեր ջանքերը համատեղենք, որովհետև տարածաշրջանի կայունությունը կարևոր է բոլորիս համար և հետագա զարգացումների կարևոր նախապայման է», - ասաց Փաշինյանը։
Նշելով, որ Հայաստանի կայունությունն ու ժողովրդավարական զարգացումն անչափ կարևոր է Վրաստանի համար, Վրաստանի վարչապետն ասաց, որ այդ պատճառով էլ Վրաստանը մեծ ուշադրությամբ հետևում էր «բարեկամ Հայաստանում զարգացող իրադարձություններին»։
«Հայ ժողվուրդը ողջ աշխարհին ցույց տվեց միասնության և ժողովրդավարական սկզբունքների նկատմամբ հավատարմության նմուշային օրինակը», - ասաց Գիորգի Կվիրիկաշվիլին՝ մեկ անգամ ևս հավաստելով Վրաստանի կառավարության և անձամբ իր պատրաստակամությունն ապագա արդյունավետ աշխատանքի կապակցությամբ։