Սեֆիլյանի գործով վերաքննիչ բողոքի քննությունը հետաձգվեց

«Հիմնադիր խորհրդարան»-ի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի գործով վերաքննիչ բողոքի քննությունը հետաձգվեց։ Ամբաստանյալները չէին բերվել դատարան։

Դատարանը հայտարարեց, որ ստացել է Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Մարտիրոսյանի գրությունը, ով հայտնել է, որ այս գործով ամբաստանյալների ուղեկցումը հնարավոր չի եղել իրականացնել։

Դահլիճում աղմուկ բարձրացավ, նիստին ներկաները պահանջում էին բացատրություն։

Դատարանը հայտարարեց, որ այս գրությունը ստացել են նիստի մեկնարկից 15 րոպե առաջ, և իրենց համար էլ էր սա անակնկալ։

Չկարողանալով դադարեցնել աղմուկը՝ դատարանը հետաձգեց նիստը, հայտարարելով՝ հաջորդ նիստը կկայանա հունիսի 6-ին ժամը 12-ին։

Մարտի 20-ին, հիշեցնենք, դատարանը Սեֆիլյանին դատապարտեց 10 տարի հինգ ամսվա ազատազրկման:

Դատավորն ամբողջությամբ ապացուցված համարեց, որ Սեֆիլյանը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նախապատրաստել է զանգվածային անկարգություններ` իշխանության ներկայացուցչին զինված դիմադրություն ցույց տալով, բռնություն գործադրելով, գույք ոչնչացնելով և այլն, հետագայում էլ` արդեն Սահմանադրական հանրաքվեին ընդառաջ, ապօրինի ձեռք է բերել հրազեն ու ռազմամթերք` նպատակ ունենալով գրավել ռազմավարական նշանակության շենքեր, իշխանություններին պարտադրել ինչ-որ գործողություններ:

Մեղադրող դատախազը Սեֆիլյանի համար պահանջել էր 11 տարվա ազատազրկում` որպես ապացույց վկայակոչելով, օրինակ, «տարաբնույթ սադրիչ ելույթները, կոչերը», որոնցով մարդկանց տրամադրել է «իշխանության ներկայացուցչին զինված դիմադրություն ցույց տալով արտահայտված զանգվածային անկարգությունների»:

Սեֆիլյանը չի ընդունում մեղադրանքը։