Այսօր առավոտյան Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա պաշտոնական այցով ժամանեց Վրաստան:
Սա Փաշինյանի երկրորդ արտերկրյա այցն է` Եվրասիական միության երկրների առաջնորդների հետ Ռուսաստանում տեղի ունեցած հավաքից հետո:
Վարչապետին ուղեկցում են Կառավարության մի շարք անդամներ` այդ թվում պաշտպանության և արտաքին գործերի նախարարներ Դավիթ Տոնոյանը և Զոհրաբ Մնացականյանը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
Նիկոլ Փաշինյանը Թբիլիսիում պաշտոնական հանդիպումներից առաջ նախ Հերոսների հրապարակում ծաղկեպսակ կդնի Անմար կրակի մոտ, ապա կուղևորվի Վրաստանի կառավարություն, որտեղ նախատեսված է առանձնազրույց վրաց պաշտոնակից Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ, ընդլայված կազմով հանդիպում, որից հետո երկու վարչապետերը լրագրողների առջև հանդես կգան հայտարարությամբ:
Երեկոյան արդեն Փաշինյանը և Կվիրիկաշվիլին մասնակցելու են Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված միջոցառմանը:
Հայաստանի վարչապետն այսօր կհանդիպի նաև Վրաստանի նախագահի և խորհրդարանի խոսնակի հետ: Ծրագրված է այցելություն Խոջիվանք հայկական գերեզմանատուն, Սուրբ Գևորգ հայկական եկեղեցի, հանդիպումներ հայ համայնքի ներկայացուցիչների, վրացահայ և վրացի գործարարների հետ: Վաղը Փաշինյանին ընդունելու է Վրաստանի հոգևոր առաջնորդ Պատրիարք Իլյա Երկրորդը:
Հայաստանի նորընտիր վարչապետը Թբիլիսիից ուղևորվելու է Զավախք` կանգ առնելով հայաբնակ մի քանի գյուղերում, Ախալքալաք և Նինոծմինդա քաղաքներում:
Հիշեցնենք, օրեր առաջ Թբիլիսիում էր Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը` մասնակցելու Վրաստանի Առաջին Ժողովրդավարական Հանրապետության 100-ամյակին նվիրված միջոցառումներին։
Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիին Հայաստան էր այցելել այս տարի մարտին, հանդիպել պաշտոնավարումն ավարտող նախագահ Սերժ Սարգսյանի հետ:
Մանրամասները տե՛ս այստեղ