Թիվ 16 պոլիկլինիկայի աշխատակիցները բողոքում են ԺՊ-ի պաշտոնում Նունե Խաչատրյանի նշանակման դեմ

Թիվ 16 պոլիկլինիկայի աշխատակիցները բողոքում են տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակման դեմ, 29-ը մայիսի, 2018 թ․

Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի թիվ 16 պոլիկլինիկայում գործադուլ է: Աշխատակիցների մի մասը հրաժարվում է աշխատել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Նունե Խաչատրյանի ենթակայությամբ: Մոտ 160 հոգանոց աշխատակազմի 110 ներկայացուցիչներ նամակ են ուղղել քաղաքապետարան՝ պոլիկլինիկայի ղեկավարի պաշտոնում առաջարկելով այլ մասնագետի՝ նախկին փոխտնօրեն Լենա Հովսեփյանի թեկնածությունը:

«Ինձ թվում է, քաղաքապետարանը շարունակում է իրավիճակից դուրս ապրել, ուզում է նշանակել այն մարդուն, որը նախկին տնօրենի հետ գտնվել է ֆինանսական կապերի մեջ»,- ասաց բողոքողներից մեկը:

Մայիսի 17-ին ավագանու «Ելք» խմբակցության անդամներն այցելել էին թիվ 16 պոլիկլինիկա: Այնտեղ նրանք լրագրողների ներկայությամբ պնդում էին, որ աշխատակիցներից բազմաթիվ ահազանգեր ունեն այն մասին, որ տնօրեն Մարինե Ստեփանյանը թույլ է տվել մի շարք ապօրինություններ: Ստեփանյանը տնօրենի պաշտոնից ազատվեց, իսկ այսօր քաղաքապետը ժամանակավոր պաշտոնակատար նշանակեց պոլիկլինիկայի աշխատակիցներից մեկին, ում դեմ էլ բողոքում են պոլիկլինիկայի մյուս աշխատողները:

Նրանք պնդում են, որ երիտասարդ մասնագետը կառավարման փորձ չունի և չի վայելում մեծամասնության համակրանքը: Իսկ ցուցարարների թեկնածուն նախկինում փոխտնօրեն է եղել, ունի աշխատանքային երկարամյա փորձ, մտադիր է մասնակցել առաջիկայում անցկացվելիք՝ տնօրենի պաշտոնի մրցույթին ու կարծում է՝ ԺՊ-ն էլ պետք է ինքը լինի: «Եթե մարդը չունի վարչական ստաժ, հանկարծ երկնքից իջնում է, ինչ-որ թռչնա՞կ է լուր տարել քաղաքապետարան, որ այստեղ կարևոր առողջապահության կազմակերպիչ կա, բերեք նշանակենք ժամանակավոր պաշտոնակատար․․․բնականաբար դրածո է»:

Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Նունե Խաչատրյանն առաջարկեց իրեն տրված հարցերի մեծ մասն ուղղել քաղաքապետարանի լրատվության վարչությանը: «Ազատության» հարցին՝ ինչպե՞ս է ղեկավարելու մի կառույց, որի աշխատակիցների մեծամասնությունն իրեն դեմ են, Խաչատրյանը պատասխանեց․ «Ես կարծում եմ, որ առողջ բանականությունն ամեն դեպքում կհաղթի: Համենայն դեպս՝ հույս ունեմ: Անկեղծ ասած չեմ հասկանում, թե ինչն է այս ընդվզման պատճառը, հատկապես շատ սահմանափակ մարդկանց մոտ»:

Ժամանակավոր պաշտոնակատարն ասաց նաև, թե տնօրենի աթոռն ազատելու մտադրություն չունի, պատրաստվում է նաև հայտարարվելիք մրցույթին մասնակցել: Մեզ հետ զրույցի ընթացքում գործադուլ հայտարարած աշխատակիցները եկել էին Խաչատրյանի աշխատասենյակի մոտ, սակայն չցանկացան խոսել նրա հետ: Այդ ընթացքում մոտեցավ բուժաշխատողների մեկ այլ խումբ` ժամանակավոր պաշտոնակատարի կողմնակիցները:

Նրանք բողոքողներին առաջարկում էին իրենց թեկնածուին ներկայացնել առաջիկա մրցույթին, վերջիններս էլ հակադարձում էին՝ առանց մեծամասնության կարծիքը հարցնելու ԺՊ նշանակելով քաղաքապետարանն արդեն ապացուցում է իր կողմնակալությունը, վստահ չեն, որ մրցույթը թափանցիկ կանցնի․ «Դա կունենա ֆիկտիվ բնույթ»:

Նույն մտահոգություններն ունի նաև նախկին տնօրենի հնարավոր ապօրինությունների մասին բարձրաձայնած՝ Երևանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը: «Ինչու՞ է քաղաքապետը հակառակվում բուժաշխատողների ցանկությանը, կա՞ որևէ փաստարկ այդ թեկնածության դեմ»,- հարցեր է հնչեցնում Խաժակյանը:

Քաղաքապետարանի առողջապահության վարչությունից հորդորեցին դիմել լրատվության վարչություն: Այդ վարչության պետ Արթուր Գևորգյանն օրվա ընթացքում չպատասխանեց հեռախոսազանգերին: Քանաքեռ-Զեյթունի թիվ 16 պոլիկլինիկայի աշխատակիցների մի մասն ասյօր հայտարարեց՝ գործադուլը շարունակելու են, իսկ ժամանակավոր պաշտոնակատարը մի քանի վայրկյանով դուրս գալով աշխատասենյակից, կողմնակիցներին կոչ արեց․ «Ես դիմում եմ իմ կողմնակիցներին, բարձրացեք բոլորդ ձեր աշխատավայրերը, զբաղվեք ձեր աշխատանքով»:

Պաշտոնակատարի կողմնակիցներից մեկը դիմեց գործընկերներին, հորդորելով չչարաշահել հեղափոխության գործիքներն ու ցանկացած հարց ցույցով լուծելու փորձ չանել: