Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին, տեղեկացնում է ՀՀ նախագահի գրասենյակը:
Նախագահ Սարգսյանը կարևորել է Եվրոպական Միության հետ հարաբերությունների շարունակական զարգացումն ու կառուցողական երկխոսությունը: Նա ասել է, որ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը փոխգործակցության նոր հնարավորություններ է բացում:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ: Նախագահ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը հավատարիմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ իրականացվող բանակցային գործընթացին և հանձնառու է շարունակել դրանք` հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը հասնելու համար: Կողմերը խոսել են նաև խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձևավորման անհրաժեշտության մասին և կարևորել քաղաքացիական հասարակությունների ներգրավումը փոխվստահության ձևավորմանն ուղղված միջոցառումներում: