Չի բացառվում, որ Ռուսաստանը և Թուրքիան երկկողմ առևտրում հրաժարվեն դոլարից ու եվրոյից

Ռուսական ռուբլու թղթադրամների կապոցներ, արխիվ

Չի բացառվում, որ տեսանելի ապագայում Ռուսաստանի և Թուրքիայի կառավարությունները ակտիվ բանակցություններ սկսեն երկկողմ առևտրային հաշվարկներում դոլարից և եվրոյից հրաժարվելու և ազգային արժույթներին անցնելու շուրջ: Երեքշաբթի օրը կայացած հեռախոսազրույցի ժամանակ մի շարք խնդիրների շարքում Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները նաև այս թեման են քննարկել:

«Հեռախոսային բանակցությունների ընթացքում Ռեջեփ Էրդողանը և Վլադիմիր Պուտինը հատուկ ընդգծել են թուրքական լիրայի և ռուսական ռուբլու օգտագործման կարևորությունը` երկկողմ տնտեսական կապերի զարգացման համատեքստում», - հաղորդում է թուրքական Anadolu գործակալությունը:

Շուրջ երկու տարի է արդեն, ինչ թուրք և ռուս պաշտոնյաները ակտիվորեն քննարկում են փոխադարձ առևտրային հաշվարկներում ազգային արժույթներին անցնելու հնարավորությունը: Որևէ հստակ որոշում մինչ օրս չի կայացվել: Տնտեսագետների համոզմամբ, սակայն, նույնիսկ եթե Մոսկվան և Անկարան ի վերջո հանգեն նման համաձայնության, դա տեղի կունենա միայն թուրքական լիրայի փոխարժեքի կայունացումից հետո:

Բանն այն է, որ մայիսին թուրքական լիրան ամերիկյան դոլարի համեմատ կորցրեց իր արժեքի 18 տոկոսը` պատմական հակառեկորդ սահմանելով: Արևմտյան փորձագետների համոզմամբ՝ թուրքական տարադրամի անկման գլխավոր պատճառը քաղաքական է: «Իշխանությունների ավելի ու ավելի ակտիվ միջամտությունը տնտեսական կյանքին ոչ միայն չի կարգավորում իրադրությունը, այլև վախի մթնոլորտ է ստեղծում շուկաներում», - նշում է Commerzbank-ի փորձագետ Պիտեր Դիքսոնը:

Ինքը Ռեջեփ Էրդողանը այդ պնդումները կտրականապես հերքում է` հայտարարելով, թե իրականում թուրքական լիրան ոչ թե իր կոշտ քաղաքականության, այլ օտարերկրյա ուժերի դավադրության զոհն է:

«Մենք տեղյակ ենք, թե ինչ խաղեր են խաղում մեր գլխին: Մենք դրանց դեմ պայքարում ենք ձեռքի տակ եղած բոլոր գործիքների կիրառմամբ: Բայց Թուրքիայի բնակիչ, երկրի քաղաքացի լինելը նշանակում է նաև պաշտպանել սեփական երկրի տարադրամը: Ես դիմում եմ ժողովրդին` մի հավատացեք տարատեսակ լուրերին, պաշտպանեք ձեր տարադրամը», - անցած շաբաթավերջին Էրզրումում կայացած նախընտրական հանրահավաքի ժամանակ հայտարարում էր Էրդողանը` կոչ անելով Թուրքիայի քաղաքացիների անվերապահորեն վստահել ազգային արժույթի կայունությանը:

«Եղբայրներ, ովքեր դոշակի տակ թաքցրած դոլարներ կամ եվրոներ ունեն` գնացեք և այդ գումարով լիրա գնեք», - հայտարարում էր Էրդողանը: