Վահրամ Մարտիրոսյան․ Նման հանդիպումների ժամանակ պետք է կոնցեպցիաներ հնչեն

Գրող, կինոդրամատուրգ Վահրամ Մարտիրոսյանը և ռեժիսոր Արա Շիրինյանն այսօր լրագրողներին ներկայացրին իրենց տպավորությունը վարչապետի հետ մշակույթի գործիչների հանդիպումից, ինչպես նաև՝ իրենց ակնկալիքները նոր Կառավարությունից, մշակույթի նոր նախարարից:

«Մշակութային կյանքի կառավարումը նույնքան ավտորիտար էր, որքան քաղաքական համակարգը: Չկար հանդուրժողականություն: Եթե քաղաքական դաշտում կար, ասենք, ինստիտուցիոնալ ընդդիմություն՝ «Ելք» դաշինքը խորհրդարանում ներկայացված էր, մշակութային բնագավառում դա էլ չկար: Ըստ ոլորտների մենաշնորհված էր, մշակութային բոլոր ճյուղերը կլաններով կառավարվում էին», - ասաց Արա Շիրինյանը:

Վահրամ Մարտիրոսյանը նշեց, թե մեր օրերում առնվազն տարօրինակ է, որ դեռ խորհրդային տարիներից եկած ավանդույթի ուժով վարչապետի հետ հանդիպման ժամանակ Արամ Խաչատրյան համերգասրահում «խոսափողի մոտ հերթ էր»․ - «Որպեսզի իրենց քծնանքի մոտ հիացմունքը արտահայտեին կամ ուղղակի ձևով շողոքորթեին նոր իշխանությանը: Կոնցեպտուալ ներկայացումներ չեղան․․․ Էսպիսի հանդիպումների ժամանակ պետք է կոնցեպցիաներ հնչեն, ոչ թե՝ ես էս մարդն եմ, էս շենքը, էս խումբը․․․ Հայաստանում մի քանի տասնյակ հազար էսպիսի խնդիրներ կան»:

Անդրադառնալով նախորդ իշխանությունների կողմից տասնամյակներ շարունակ իրականացված մրցանակների ու պարգևների բախշմանը և այն արվեստագետներին, մշակույթի գործիչներին, ովքեր ստացել են այդ մրցանակներն ու պարգևները՝ Վահրամ Մարտիրոսյանն ասաց․ - «Դրանք տրվել են ոչ նրանց, ում որ պետք է տրվեին: Հիմա էդ մարդկանց մի զգալի մասը, ինձ թվում է, սպասում էին ոստիկանությունից ծանուցագրի, որովհետև էդ մարդիկ նաև փողերի լվացմամբ են զբաղված եղել, ստացել են ինչ-որ գումարներ, որոնք ստվերային են եղել, էդ ստվերային գումարները, բնականաբար, նույնպես պատժելի են, որպեսզի բացատրություն տան դրանց վերաբերյալ: Բայց փոխարենը իրենց հրավիրել են հանդիպման»:

Արա Շիրինյանը կարծում է, որ կարելի է Մշակույթի նոր նախարարի հետ որոշակի հույսեր կապել, որովհետև նա մշակութային ոչ մի կլանի չի պատկանել․ - «Եթե դեսովետիզացիա տեղի ունենա այս կառավարման համակարգում, եթե կանխվեն բյուջեի մսխումները, եթե կանխվեն իշխանության առանձին ներկայացուցիչների մշակութային նախասիրություններով պայմանավորված արտոնությունները այս կամ այն երգչին, նկարչին: Իրենց անձնական ճաշակը սպասարկվում էր բյուջեից․․․ Դրանով նրանք փչացնում էին հենց շատ մշակութային գործիչների, որովհետև նրանք, ովքեր այդ արտոնությունը ունեին՝ սպասարկել իշխանական կամ պաշտոնական միջոցառումները, նրանք կտրվել էին և, ինչպես հիմա ընդունված է ասել, չէին տիրապետում երկրում ստեղծված իրավիճակին»:

Վահրամ Մարտիրոսյանի համոզմամբ՝ ազատ մտածողության տեր փոքրաթիվ արվեստագետների՝ տասնյակ տարիների կատարած աշխատանքի շնորհիվ նաև հնարավոր դարձավ նման շրջադարձ թավշյա հեղափոխության միջոցով․ - «Մշակույթի, արվեստի գլխավոր բաղադրիչներից մեկը դիմադրությունն է: Ի վերջո մեր մշակութային դաշտը ինչպե՞ս էր բաժանված․ երգիչներ, դերասաններ, որոնք զվարճացնում էին իշխանություններին, ովքեր արդարացնում էին Մարտի 1-ի սպանդը, և մարդիկ, որ չեն համագործակցել, որ չեն գնացել շքանշան ստացել, որ չեն գնացել թեկուզ սուսուփուս կողքները նստել հենց որ մատով կանչել են էնտեղ: Էն մարդիկ, ովքեր դիմադրել են, նրանց շնորհիվ է, որ Սերժ Սարգսյանը սպառնաց, բայց «մարտի 1» չարեց: Նաև նրանց շնորհիվ: Սքանչելի երիտասարդության, Նիկոլ Փաշինյանի կազմակերպչական տաղանդի և օգու, բայց նաև այդ տասնամյակների դիմադրության շնորհիվ է»: