Փաշինյանի այցը Վրաստան արտացոլում է Հայաստանի բնական շահերի ամբողջությունը. Բադալյան

Երդմնակալության արարողությունից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջին պաշտոնական այցը Վրաստան, ըստ քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի, ընդամենն արտացոլում է Հայաստանի բնական շահերի ամբողջությունը։

«Ես կարծում եմ՝ քայլը, որ առաջին պաշտոնական այցը կատարվում է Վրաստան ընդամենն արտացոլում է Հայաստանի բնական շահերի, այսպես ասած, ամբողջությունը, դրանց կարևորագույն մասերից մեկը, որն է` Վրաստանի հետ հարաբերությունը։ Էս հարաբերությունն իրականում շատ ավելի խորը շարժառիթներ և փոխադարձ շահեր ունի, քան էն մակարդակը, որ հիմա կա երկու երկրների մեջ, և էդ տեսանկյունից շատ ողջունելի է», - «Ազատության» հետ զրույցում ասաց Բադալյանը։

Դիտարկմանը, թե շատ էին խոսում այն մասին, որ հարևան երկրները՝ Վրաստանը, Իրանը, Ադրբեջանը միասնական ծրագրեր ունեն և շատ անգամ շրջանցվում է Հայաստանը, և հարցին, թե Հայաստանն ուզում է ասել, որ նոր կառավարության օրոք հնարավոր կլինի՞ այդ բացը լրացնել, քաղաքական մեկնաբանը պատասխանեց. - «Այստեղ, իհարկե, բոլորի համար հասկանալի է, որ խնդիրը հայ-ադրբեջանական տիրույթում է, և Ադրբեջանն է որևէ կերպ տորպեդահարում նման ծրագրերի, նման բազմակողմ ինտեգրացիոն նախագծերի մշակումներին Հայաստանի մասնակցությունը, և իհարկե հասկանալի է նաև, որ թե՛ Իրանը, թե՛ Վրաստանը չպետք է կաշկանդված լինեն Հայաստանի չմասնակցելով, և իրենք մասնակցում են էդ ֆորմատներին, և այստեղ նույնիսկ կարող ենք խոսել, որ Հայաստանի համար վատ էլ չէ, եթե մեր հարևան և բարեկամ երկրները Ադրբեջանի հետ որևէ գործակցության մեջ են, որովհետև դա ինքնին կարող է մեղմացնող հանգամանք լինել ընդհանրապես տարածաշրջանային անվտանգության տեսանկյունից»։

Ըստ Բադալյանի, Հայաստանը պետք է փորձի ձևավորել զուգահեռ ֆորմատներ և լինի նման ձևաչափերի նախաձեռնողը։

«Այստեղ խնդիրը, կարծում եմ, պետք է դիտարկել հետևյալի մեջ՝ արդյո՞ք Հայաստանին կհաջողվի ձևավորել այդ ամեն ինչին զուգահեռ ֆորմատներ, այսինքն՝ օրինակ, Հայաստան-Իրան-Վրաստան, ինչու չէ՝ նաև Ռուսաստան, կամ Սև ծովով դեպի Եվրոպա ֆորմատներ, նախագծել՝ լինի դա գազամուղ, թե՝ տրանսպորտային որևէ միջանցք։ Այսինքն՝ այստեղ խնդիրը պետք է դիտարկել այս դաշտում, ու Հայաստանը փորձի լինել նման ձևաչափերի նախաձեռնող, առավել ևս, որ, կարծում եմ, թե՛ Իրանի, թե՛ Վրաստանի առումով արձագանքները դրական կլինեն։ Մենք նաև նախկինում տեսել ենք երկու կողմից էլ տրամադրվածություն նման նախագծերի, և Հայաստանի նոր իշխանությունից էդ առումով պետք է ակնկալել առավել ակտիվություն և առարկայական քայլեր նման նախաձեռնությունների ուղղությամբ», - ասաց քաղաքական մեկնաբանը։