Քնեսեթի խոսնակը օրակարգից հանեց Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը

Իսրայել - Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի նախագծի շուրջ քննարկումները Քնեսեթում, 23-ը մայիսի, 2018թ․

Իսրայելի Քնեսեթում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցով այս շաբաթ նախատեսված քվեարկությունը չի կայանալու։ Ըստ իսրայելական The Jerusalem Post պարբերականի՝ Քնեսեթի խոսնակ Յուլի Էդելշտեյնն է հարցը հանել օրակարգից։

Էդելշտեյնի մամլո խոսնակը բացատրել է՝ պատճառն այն է, որ վստահ չէին, թե մեծամասնությունը կողմ կքվեարկի։

Թերթը գրում է, որ Յուլի Էդելշտեյնը բազմիցս հայտնել է իր աջակցությունը Հայոց ցեղասպանության ճանաչմանը։

Հիշեցնենք, Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի նախագիծը լիագումար նիստի օրակարգում ընդգրկելուն Իսրայելի խորհրդարանը հավանություն էր տվել մայիսի 23-ին: Բանաձևը հեղինակել է խորհրդարանական փոքրամասնություն «Մերեց» կուսակցությունը: