Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը նոր հույս է արթնացրել որդեկորույս ծնողների մոտ

Տարիներ առաջ բանակում խաղաղ պայմաններում մահացած զինվորների ծնողները նոր Կառավարության ղեկավարից հավաստիացում են ստացել, որ կարվի հնարավորը բացահայտելու և պատժելու իրենց որդիների մահվան մեղավորներին։

Օրերս կառավարության շենքի առջև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը նոր հույս է արթնացրել որդեկորույս ծնողների մոտ:

Իրինա Ղազարյանը պատմում է, որ վարչապետը հորդորել է մի փոքր էլ սպասել․ - «Նիկոլ Փաշինյանին մենք նոր չենք ճանաչում: Մի քանի անգամ դիմել ենք, բայց դե էն ժամանակ ինքը ոչ մի բան չէր կարա աներ»:

Իրինա Ղազարյանն ու նրա հետ միասին մի խումբ որդեկորույս ծնողներ անցած տարիներին ամեն հինգշաբթի բողոքի ակցիա էին անցկացնում Կառավարության շենքի առջեւ, ծեծում էին տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների դռներ՝ պնդելով, որ իրենց որդիներին սպանել են, բայց իրավապահներն այդպես էլ որևէ քայլ չեն ձեռնարկել մահվան հանգամանքները բացահայտելու և ենթադրյալ մեղավորներին պատժելու համար։

«Ես պատկերացնում եմ հիմա, որ եթե Աղվան Հովսեփյանին, Կոստանյանին, Արթուր Դավթյանին․․․ այ եթե դատախազներին հանեն, մեկ ուրիշը կնստի, մեր բոլորի գործերը․․․ Ոչ մեկի գործը գաղտնի չի: Ինչքան ձեռքերները արյան մեջ թաղված կան, սաղին պետք է մաքրեն»:

Ղազարյանի որդին՝ 19-ամյա Արթուր Ղազարյանը մահացել 2010-ին՝ պաշտոնական վարկածով գլխի ուռուցքի պատճառով։ Մինչդեռ ծնողները վստահ են, որ որդուն սպանել են։ Մայրը իր փաստարկներն է բերում՝ հիմնվելով դատաբժշկական փորձաքննության վրա, որտեղ դատաբժիշկը նշել է գլխի հարվածների մասին։

Հայրը՝ Սմբատ Ղազարյանը որդու սպանության իր վարկածն ունի՝ տղան փորձել է պաշտպանել ծառայակցին և հրամանատարական կազմի կողմից բռնությունների է ենթարկվել, ինչի հետևանքով մահացել է․ - «Մի հատ զինվորի ա ինքը պաշտպանել, սպայական անձնակազմին դուր չի եկել էդ բանը․ էս ինչ աստիճան ա հասել զինվորը, որ կարողանում ա իրա գլուխը պահի ու պլյուս դրան էլ զինվորի թասիբին կանգնել․․․ Ու դրա համար էս ամեն ինչը պատահել ա»:

Որդեկորույս ծնողները, որ տարիներ շարունակ պնդում էի, որ իրենց որդիների մահվան մեղավորները Հանրապետականի իշխանության օրոք չեն բացահայտվի, ակտիվորեն մասնակցել են Փաշինյանի առաջնորդած ժողովրդական շարժմանը՝ արդարության ակնկալիքով։

Իրինա Ղազարյանն ասում է, որ զարմացել էր դիտելով Փաշինյանի և ծառայության գնացող նրա որդու տեսագրությունը․ - «Հպարտանում ես․ ասում ես՝ ոնց որ իմ տղեն ա, նույնն էլ Նիկոլի տղեն ա, տարբերություն չկա»:

Արմավիր քաղաքում բնակվող Նանա Մուրադյանը, որ ամեն շաբաթ Երեւան էր գալիս՝ բախտակիցների հետ փորձելով լսելի դարձնել իր բողոքը, հույս ունի, որ Փաշինյանի կառավարությունն ի վերջո կազատվի հին իշխանության կողմից նշակված գլխավոր դատախազից և իրավապահ կառույցի այն ներկայացուցիչներից, ովքեր տարիներ շարունակ անտեսել են իրենց բողոքը․ - «Եթե դատախազը՝ Դավթյանը, դուրս գա, և նշանակվի Նիկոլ Փաշինյանի դրած մարդը, հույս ունեմ»:

Մուրադյանի որդին՝ 19-ամյա Վալերի Մուրադյանը մահացել է 9 տարի առաջ, պաշտոնական վարկածով ինքնասպան է եղել։ Մայրը, սակայն, տարիներ շարունակ պնդում է՝ որդուն սպանել են, քանի որ նա ականատես է եղել վառելիքի գողության։

Մոր խոսքով, զինվորի մարմնի վրա եղել են բազմաթիվ վնասվածքներ, որոնք կապ չունեն պաշտոնական վարկածի՝ պարանով կախվելու հետ։

10 տարի առաջ բանակում մահացած զինվոր Տիգրան Օհանջանյանի մայրը՝ Գոհար Սարգսյանն ասաց, որ պատրաստվում են նամակ ուղղել վարչապետ Փաշինյանին՝ փորձելով հանդիպել նրան և ավելի հանգամանալից զրուցել իրենց խնդիրների շուրջ․ - «Էդ նույն դատավորը, նույն դատախազը, նույն քննիչը հիմա աշխատում ա էս կառավարության օրոք: Եվ նույն ձևի էս քրեական գործերը առաջ են գնում, այսինքն՝ նախկին իշխանության ուզած ձևով: Դրա համար ես չեմ պատրաստվում լռել: Մենք ընդունելություն պիտի պահանջենք վարչապետից, էս հարցերը բարձրացնեն, տեսնենք ինքը ինչ ա ասելու»:

Գոհար Սարգսյանի 19-ամյա որդու մահվան պատճառն անցած 10 տարիներին ոչ միայն չի հստակեցվել, այլևս մեկը մյուսին հակասող եզրակացությունները նրա ծնողներին սկզբում գցեցին անորոշության մեջ, իսկ հետո ամրապնդեցին կասկածները, որ զինվորին սպանել են։

Դատաբժիշկը 2007 թվականին եզրահանգել էր, որ Օհանջանյանը հոսանքահարվել է զորամասում, սակայն հետագայում դատարանը այս վարկածը հերքել էր, վճռում գրվել էր՝ «չի հոսանքահարվել», և գործն ուղարկվել էր նոր քննության։ Միակ մեղադրյալին՝ էլեկտրակայանի պատասխանատուին դատարանն արդարացրել էր։ Գործի քննությունը նորից էր սկսվել, սակայն իրավապահները այս անգամ ևս էլեկտրահարման նույն վարկածն էին քննել և ամիսներ անց եզրահանգել՝ իրեղեն ապացույցները, մասնավորապես էլեկտրական կայանը, կորել է ու չի պարզվել, թե գործում ում պետք է ներգրավեն որպես մեղադրյալ։