Թուրքիան մտադիր է Ռուսաստանից Су-57 կործանիչներ գնել

Ռուսական արտադրության Су-57 կործանիչ, արխիվ

Ռուս-թուրքական համագործակցությունը նոր թափ է առնում․ Թուրքիան մտադիր է Ռուսաստանից գնել Су-57 կործանիչներ՝ ամերիկյան F-35-երի փոխարեն: Այս մասին երեկ հայտնել է թուրքական Yeni Safak պարբերականը՝ վկայակոչելով կառավարական իր աղբյուրները:

Բանն այն է, որ Միացյալ Նահանգները Թուրքիային սպառնացել է չվաճառել F-35 կործանիչները, եթե Անկարան, չնայած բոլոր նախազգուշացումներին, գնի ռուսական C-400 (S-400) զենիթահրթիռային համակարգերը:

Անկարան, սակայն, ռուսական համալիրները գնելու մասին համաձայնագիրը կնքել է, ընդ որում, հիշեցնենք, դրա համար վարկ է ստացել հենց Մոսկվայից: Ավելին՝ այդ համակարգերը սպասարկելու են թուրք մասնագետները, և ռուսական կողմը պարտավորվել է աջակցել Թուրքիայում հրթիռային այդ համակարգերի սեփական արտադրության գործում:

Թուրքական աղբյուրները գրում են, որ Անկարան մտադիր չէ հրաժարվել կործանիչներից, որ պետք է ստանա հուլիսին, և եթե ամերիկացիները դրանք չվաճառեն, Թուրքիան կգնի ռուսական կործանիչներ:

Նախօրեին Մոսկվան և Անկարան պայմանավորվել են նաև սկսել «Թուրքական հոսք» գազատարի ցամաքային հատվածի կառուցումը Թուրքիայի տարածքով մինչև բուլղարական սահման՝ ռուսական գազը եվրոպացի սպառողին հասցնելու համար:

Մոսկվայի համար այս գազատարը չափազանց մեծ նշանակություն ունի, այդ թվում՝ քաղաքական: Խողովակաշարը թույլ կտա շրջանցելով ուկրաինական տարածքը՝ ռուսական գազը հասցնել եվրոպական երկրներ, ընդ որում՝ «Գազպրոմ»-ը մտադիր է ինքնուրույն ֆինանսավորել 7-միլիարդանոց այս ծրագիրը, քանի որ չի գտել թուրքական ներդրողներ:

Թուրքական կողմը չէր շտապում ռուսական կողմին ցամաքային հատվածի կառուցման աշխատանքների թույլտվություն տրամադրել, քանի դեռ կողմերը տարաձայնություններ ունեին ռուսական գազի գնի շուրջ: Սակայն «Գազպրոմ»-ը այստեղ նույնպես գնացել է զիջումների, և կողմերը պայմանավորվել են, որ ռուսական գազը թուրքական կողմը այսուհետ կստանա 10 տոկոս զեղչով՝ այնպես, ինչպես պայմանավորվել էին 2015 թվականին։ Այն ժամանակ, հիշեցնենք, պայմանավորվածությունը չէր իրականացվել ռուսական օդանավի հետ կապված միջադեպի պատճառով, երբ թուրքական ուժերը կործանեցին ռուսական ռազմական ինքնաթիռը Սիրիայի օդային տարածքում: Անկարայի և Մոսկվայի հարաբերությունները վատացել էին, ինչը շարունակվեց 7 ամիս:

Մայիսի 26-ին, ինչպես հայտնում է «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը, Ռուսաստանը և Թուրքիան պայմանավորվել են, որ Մոսկվան կվերադարձնի Անկարային մեկ միլիարդ դոլար, այսինքն՝ այն հավելյալ գումարը, որ Թուրքիան վճարել է «Գազպրոմ»-ին ռուսական գազի համար 2016-17 թվականներին: