Նազարյան․ «Ուղերձներ ենք հղում գործարար պատգամավորներին, որ նրանք հետաքրքրված չլինեն գտնվել ԱԺ-ում»

Ազգային ժողովը պետք է փոխվի, և այն մարդիկ, ովքեր զբաղվում են գործարարությամբ, տեղ չունեն խորհրդարանում, հայտարարում են նոր իշխանության ներկայացուցիչները:

«Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանի խոսքով՝ նոր իշխանությունները հստակ ուղերձ են հղել գործարարներին, որ բոլորը հավասար իրավունքներ ու հնարավորություններ են ունենալու, ուստի կարիք չկա սեփական բիզնեսին «տանիք» լինելու համար անցնել խորհրդարան:

«Մենք ուղերձներ ենք հղում հատկապես գործարար պատգամավորներին, և մենք ուզում ենք իսկապես տալ երաշխիքներ այդ տնտեսվարողներին, որպեսզի նրանք հետաքրքրված չլինեն գտնվել Ազգային ժողովում, քանի որ նրանք առանձնապես հետաքրքրություն չունեն՝ նրանք պարզապես ուզում են ինչ-որ անձեռնմխելիություն ունենալ, որ կարողանան իրենց տնտեսական շահերը պաշտպանել», - «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծականի» ժամանակ ասաց ասաց Նազարյանը՝ շարունակելով․ - «Բայց եթե մենք հստակ ասենք, որ «դուք գործելու եք օրենքի շրջանակներում, և կլինի մասնավոր սեփականության պաշտպանություն, արդար դատավարություն, եթե ինչ-որ խնդիրներ առաջանան, և ձեզ ոչինչ չի սպառնում», ես վստահ եմ, որ նրանք առանձնապես հետաքրքրված չեն լինի գալ Ազգային ժողով՝ պարզապես էդ կոճակը սեղմելու համար, և եթե ստանան այդ երաշխիքները, գուցե ինչ-որ պահի և․․․»

«Ազատություն»․ - Չի բացառվում, որ հենց ձեր օգտին քվեարկեն, ես մի տեսակ վստահություն եմ տեսնում Ձեր հայացքում՝ կա՞ն արդեն նման ազդանշաններ, թե՞՝ ոչ:

Լենա Նազարյան․ - Գիտե՞ք, մենք, իհարկե, բոլոր հարցերի պատասխանները չունենք, ինչպես չենք ունեցել շարժման սկզբին, երբ լրագրողները մեզ անընդհատ հարցնում էին՝ իսկ ի՞նչ է լինելու հետո, ի՞նչ կլինի, եթե այսքան մարդ հավաքվի: Ըստ իրավիճակի մենք կգտնենք հնարավորինս շահեկան, լավ լուծումները և կառաջարկենք: Կարծում եմ՝ իրենք շատ լավ հասկանում են, որ ինչ իրավիճակ է, և որ նրանք չունեն աջակցություն: Հենց այդ վախով դրդված նրանք չեն ուզում, որ Ազգային ժողովը լուծարվի, որովհետև հենց որ լուծարվի՝ անմիջապես օրենքի ուժով կկազմակերպվեն արտահերթ ընտրություններ, և ես վախենամ, որ նրանք 5 տոկոսն էլ չեն հաղթահարի:

«Կիրակնօրյա վերլուծական» հաղորդաշարի մայիսի 27-ի թողարկումը ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․