Անդրկովկաս. 100 տարի անց

Ռուսաստանցի վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնով, արխիվ

Ռուսաստանցի վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնովի համոզմամբ՝ 20-րդ դարի սկզբին Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի կարճատև անկախության պատմությունը տակավին ազդում է տարածաշրջանի զարգացումների վրա:

Երեք երկրներն այս օրերին առաջին անկախության 100-ամյակն են նշում: Ինչո՞ւ են երեք երկրներում միանգամայն տարբեր տեսանկյունից գնահատում հարյուր տարվա վաղեմության դեպքերը:

1918-ի մայիսի 26-ին Անդրկովկասի դեմոկրատական ֆեդերատիվ հանրապետությունը լուծարվել է: Այդ օրը անկախություն են հռչակել Վրաստանն ու Ադրբեջանը, երկու օր անց՝ Հայաստանը:

Վրաստանը և Ադրբեջանը հայտարարում են, որ իրենց առաջին հանրապետությունների իրավահաջորդն են, մինչդեռ Հայաստանի ներկայիս հանրապետությունն իրեն համարում է ոչ միայն առաջին, այլև երկրորդ՝ սովետական հանրապետության իրավահաջորդ:

Անդրկովկասյան ֆեդերացիայի անկումից հետո գրեթե անմիջապես ծագել են ներանդրկովկասյան վեճեր: Հայաստանը և Ադրբեջանը վիճել են Ղարաբաղի, Զանգեզուրի և Նախիջևանի շուրջ, Հայաստանը և Վրաստանը պատերազմ են մղել Լոռու շրջանի համար, Վրաստանն Ադրբեջանից պահանջել է Զաքաթալայի շրջանը, Ադրբեջանը Վրաստանից՝ Մառնեուլիի և Գարդաբանիի շրջանները:

Բացի այդ, Վրաստանում եղել են վրաց-աբխազական և վրաց-օսական, իսկ Ադրեբեջանում և Հայաստանում` հայ-ադրբեջանական կոնֆլիկտներ:

100 տարի անց, ըստ Մարկեդոնովի, կա «երեք տարբեր ուղի ընտրած երեք երկիր»: Վրաստանը ձգտում է դեպի ՆԱՏՕ, Հայաստանը մասնակցում է ՀԱՊԿ-ին և ԵԱՏՄ-ին, իսկ Ադրբեջանը փորձում է հավասարակշռություն պահպանել Ռուսաստանի, Իրանի, Արևմուտքի, Իսրայելի և Պաղեստինի միջև:

Տարածաշրջանային ինտեգրում չկա, քանի որ Հայաստանը դուրս է մղված վրաց-ադրբեջանական համատեղ ծրագրերից:

Եվ այնուամենայնիվ, չի կարելի ասել, որ այդ երկրների առաջին կարճատև անկախությունն ամբողջապես ձախողված էր: 100 տարի առաջ երեք երկրում, թեպետ կարճ ժամանակով, գոյացել են պաrլամենտարիզմի, խոսքի ազատության և քաղաքացիական ազատության արժեքները:

Անդրկովկասյան անկախ երկրների լիդերները բարձր են գհանահատել կրթության նշանակությունը` դրանում տեսնելով անկախության ամրապնդման երաշխիքը:

Այդ ամենն ընդհատվել է բոլշևիզմի մուտքով Անդրկովկաս, սակայն ազգային պետությունների զարգացումը սովետական շրջանում ամբողջությամբ չի վերացել, այն կերպարանափոխվել և ուրիշ ձևաչափով է շարունակվել:

Մարկեդոնովի համոզմամբ, Անդրկովկասի երեք երկրների անկախության առաջին փորձը 100 տարի անց չի կորցրել կարևորությունը: Եվ ոչ միայն եռյակի, այլև հարևանների և նույնիսկ հեռավորության վրա գտնվող խոշոր միջազգային դերակատարների համար:

«Վրաստանում, Հայաստանում և Ադրբեջանում «պատմության վերջ» բնավ չի երևում, ընդհակառակը՝ անցյալում փորձում են գտնել ներկայի և նույնիսկ ապագայի բացատրությունները», - կարծիք է հայտնում Սերգեյ Մարկեդոնովը: