Բագրատաշենի մաքսակետի պետը աշխատանքից ազատվելու դիմում է գրել

Բագրատաշենի մաքսակետի պետ Հովհաննես Հարությունյանը այսօր աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել։

«Ազատության» հարցին ի պատասխան նա նշեց, թե դա իր «անձնական որոշումն է և վերադասից ազատման դիմում գրելու պահանջ չի ներկայացվել»։

«Իմ աշխատանքից ազատվելու մասին դեռևս պաշտոնական որոշում չկա», ֊ հավելեց Հարությունյանը։

Մեկ շաբաթ առաջ՝ ՊԵԿ նախագահի հրաժարականից անմիջապես հետո, «Ազատությանը» տված հարցազրույցում Հարությունյանը նշել էր, որ մտադիր չէ հրաժարական տալ և, որ «շարունակում են իրենց բնականոն աշխատանքը՝ առանց գործելաոճի փոփոխության»։

Հարությունյանը չմեկնաբանեց, թե ինչո՞ւ մեկ շաբաթ անց փոխեց իր որոշումը։ ֊ «Այդպես եմ նպատակահարմար գտել», ֊ ասաց նա։

Բագրատաշենի մաքսակետի պետը հերքեց նաև, թե իր հրաժարականը կապված է վերջին օրերին մաքսային մարմիններում չարաշահումներ հայտնաբերելու մասին ԱԱԾ հայտարարությունների հետ։ Շեշտեց, որ սահմանային անցակետերում խոշոր տնտեսվարողները մաքսազերծումներ չեն իրականացնում։ Նրանց բեռնատարները սահմանը հատում են կապարակնքված։

Մայիսի 23-ին Բագրատաշենի անցակետում բախում էր տեղի ունեցել մաքսավորների և Թուրքիայից ապրանք ներկրող առևտրականների միջև։ ՊԵԿ-ի պաշտոնական հաղորդագրության համաձայն «ներկրումներ իրականացնող մի խումբ տնտեսվարողներ հրաժարվել են օրենդրությամբ սահմանված կարգով մաքսազերծել ներկրված բեռների մի մասը: Ավելին, անհիմն պահանջել են նվազեցնել նաև մաքսային ձևակերպումների համար օրենքով նախատեսված վճարումների չափը»: «Փաստորեն, տնտեսվարողների նման վարքագծի պատճառով խոչընդոտվել է անցակետի բնականոն աշխատանքը». ֊ հայտարարել է ՊԵԿ-ը՝ տնտեսվարողներին կոչ անելով կատարել մաքսավորների օրինական պահանջը և «զերծ մնալ անհարկի շահարկումներից՝ ժողովրդավարությունը չհավասարեցնելով ամբոխավարությանը»:

Նշենք, որ նույն առևտրականներն անցած շաբաթ Բագրատաշենում «Ազատության» հետ զրույցում կոշտ քննադատության էին ենթարկել Բարգրատաշենի մաքսակետի աշխատակիցներին՝ դժգոհելով նրանց անմարդկային վերաբերմունքից և մաքսազերծման անտրամաբանական գներից։ Թուրքիայից փոքր քանակով հագուստ և սնունդ ներկրող քաղաքացիներն ասում էին, որ ամեն հինգշաբթի անմարդկային պայմաններում 10 ժամ և ավելի են անցկացնում մաքսակետում սահմանն անցնելու համար, քանի որ «առանձնակի վատ վերաբերմունք կա հատկապես Թուրքիայից եկողների նկատմամբ»։ Առևտրականները շեշտել էին նաև, որ իրենցից մեկ կիլոգրամ ապրանքի դիմաց պահանջում են հինգ եվրո, այն դեպքում, երբ, այսպես կոչված, բեռնափոխադրումների «Կարգո» համակարգից օգտվելու դեպքում յուրաքանչյուր կիլոգրամի համար վճարում են 2 դոլար։

Բագրատաշենի մաքսակետի պետ Հովհաննես Հարությունյանը հերքեց նաև, թե իր աշխատանքից ազատվելու դիմումը կապված է այս բողոքների կամ երկու օր առաջ անցակետում տեղի ունեցած միջադեպի հետ։