ԱԱԾ-ն պնդում է, որ բացահայտել է ՊԵԿ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների հովանավորչությամբ հանցավոր սխեմա

Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն և տեսանյութ հրապարակել, պնդելով, որ բացահայտել է հանցավոր սխեմա, որի միջոցով ՀՀ-ում գործող խոշոր ընկերությունը խուսափել է առանձնապես խոշոր չափերով հարկեր, տուրքեր և պարտադիր այլ վճարումներ կատարելուց: Ընդ որում, ԱԱԾ-ի պնդմամբ, ընկերության ձևավորման և գործունեության կազմակերպման հետ անմիջական առնչություն են ունեցել ՀՀ ՊԵԿ բարձրաստիճան պաշտոնյաներ:

Հաղորդագրության համաձայն, ՀՀ ՊԵԿ բարձրաստիճան պաշտոնյաները Միացյալ Թագավորությունում` Շոտլանդիայում գրանցված «Նորֆոլկ Փրոջեկտ ԼՓ» ՍՊ ընկերության կողմից 2017 թվականի հունիս ամսին ՀՀ-ում հիմնադրված «Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊ ընկերության գլխավոր տնօրեն Արմեն Ունանյանին ներկայացրել են 9 այսպես կոչված «կարգո» ընկերությունների ղեկավարներին, հայտնել են, որ Թուրքիայից, Չինաստանից և Արաբական Միացյալ Էմիրություններից բեռնատարներով տեղափոխվող հավաքական բեռներն այսուհետ պետք է մաքսազերծվեն բացառապես «Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊ ընկերության միջոցով և դրա համար վճարեն միջնորդավճար:

«Հատկանշական է, որ գործունեություն ծավալելու համար «Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊ ընկերությանը վարձակալությամբ աշխատասենյակներ են տրամադրվել ՊԵԿ ակցիզային հարկով հարկվող ապրանքների մաքսազերծման մասնագիտացած լուծարված մաքսատան շենքի տարածքում` ակնհայտորեն նպատակ հետապնդելով տնտեսվարողների մոտ այդկերպ ևս ընդգծել նշված ընկերության հատուկ արտոնյալ կարգավիճակը», - նշում է ԱԱԾ-ն: - «Կարգո» ընկերությունները, ըստ էության չունենալով այլ տարբերակ, ընդունել են ֆինանսապես ոչ ձեռնտու համագործակցության առաջարկը և տեղափոխված բեռների մաքսազերծումը սկսել են իրականացնել բացառապես «Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊ ընկերության միջոցով՝ պահանջված գումարները վճարել են կանխիկ եղանակով` առանց պատշաճ ձևակերպումների», - ասված է հաղորդագրությունում:

ԱԱԾ-ի տվյալներով, «Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊ ընկերության ներկայացուցիչները ներմուծված ապրանքները հաճախ ճիշտ տեսականիով և անունով չեն հայտարարագրել ու մաքսազերծել, որով իսկ նվազեցրել են պետությանը վճարման ենթակա գումարները, բացի այդ, անհավասար մրցակցային պայմաններ են ստեղծել այն քաղաքացիների համար, ովքեր նույնանուն ապրանքները ներմուծել են ոչ իրենց ընկերության միջոցով։

Նախնական հաշվարկներով, գործունեության 9 ամիսների ընթացքում ընկերության անօրինական եղանակով ստացված եկամուտը կարող է կազմել շուրջ 7 մլն ԱՄՆ դոլար, իսկ «պետությանը պատճառված վնասի իրական չափը հնարավոր կլինի ճշգրտել ընկերության գործունեության վերաբերյալ սահմանված կարգով նշանակված դատահաշվապահական փորձաքննության շրջանակներում»:

Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ, «Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊԸ գլխավոր տնօրեն Արմեն Ունանյանը և պատասխանատու ևս երեք աշխատակիցներ ձերբակալվել են, քրեական գործով որպես վկա հարցաքննության են կանչվել ՀՀ ՊԵԿ նախագահի երկու նախկին տեղակալներ: