«Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությունն արժանացել է ապրիլ ամսվա «Լավագույնը լավագույնների մեջ» մրցանակին՝ բողոքի ցույցերի շուրջօրյա լուսաբանման համար:
«2018-ի ապրիլը կհիշվի որպես շրջադարձային ամիս Հայաստանի, «Ազատություն/Ազատ Եվրոպա» ռադիոկայանի հայկական ծառայության ու ողջ ընկերության համար: Այո, հեղափոխությունն իսկապես հեռուստատեսային էր»,- հայտարարել է մրցութային հանձնաժողովը, մանրամասնելով․ «Երևանյան դրամատիկ օրերն ու դրանց հետևած զարգացումները խորը և անաչառ կերպով լուսաբանվեցին մեր լրագրողների կողմից, որոնք դարձան պատուհան՝ աշխարհի համար»:
«Հայկական ծառայության լրագրողներն անընդհատ, ժամեր շարունակ, ուղիղ հեռարձակում էին ապահովում, այդ թվում՝ հարցազրույցներ վարելով ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի ու նախագահ Արմեն Սարգսյանի հետ, ինչպես նաև վերլուծություններ ու ձայնագրված տեսանյութեր ներկայացնում Երևանից ու այլ վայրերից: Ազդեցության շրջանակն ապշեցուցիչ է, հատկապես, երբ մտաբերում ես, որ այս ամենը տեղի էր ունենում մի երկրում, որտեղ երեք միլիոն մարդ է ապրում»,-նշված է «Ազատություն» ռադիոկայանի կայքում հրապարակված հայտարարության մեջ:
Հայաստանում սկիզբ առած անարյուն իշխանափոխության օրերին՝ միայն ապրիլին, «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությունն ունեցել է 35 միլիոն դիտում YouTube-ում և 110 միլիոն՝ Facebook ում, մեծ մասը՝ ուղիղ հեռարձակումների շնորհիվ: «Ազատության» նյութերն օգտագործվել են հայաստանյան գրեթե բոլոր հեռուստաընկերությունների կողմից ու հայտնվել հեղինակավոր միջազգային լրատվամիջոցներում՝ BBC, CNN, Al Jazeera, France 24, the Washington Post, the New York Times: Ամերիկյան CNN -ը հենց «Ազատության» ղեկավար Հրայր Թամրազյանին էր դիմել՝ տեղեկանալու, թե ինչ է կատարվում Հայաստանում:
Հայաստանում և սփյուռքում ապրող հայերը ևս «Ազատությանն» էին միանում՝ տեղեկանալու, թե ինչ է իրականում կատարվում: Լոս Անջելեսում ստեղծագործող աշխարհահռչակ System of a Down խմբի մենակատար, ռոք-աստղ և հայաստանյան ընդդիմության հայտնի աջակից Սերժ Թանկյանը ձևակերպեց այն, ինչ սփյուռքահայերի մեծ մասն էր զգում: Շնորհակալություն հայտնելով «Ազատությանը», նա ասաց․ ««Ազատությունը» մեզ տվեց այդ ամենի մասնակիցը դառնալու հնարավորություն»: