Պաշտոնական Մոսկվան վերահաստատում է՝ Երևանի հետ հարաբերությունները շարունակվում են, և բոլոր նախագծերը սեղանի վրա են:
Այս մասին, ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Ալեքսանդր Պանկինը՝ Սանկտ-Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի ընթացքում: Ռուսաստանյան պետական լրատվական գործակալությունը, սակայն, չի հստակեցնում, թե ինչ առիթով է ՌԴ արտգործնախարարի տեղակալը նման հայտարարությամբ հանդես եկել:
«Ռուսաստանի և Հայաստանի համագործակցության հարցում որևէ դանդաղեցում չկա, բոլոր ֆինանսական, ներդրումային և առևտրային նախագծերը սեղանի վրա են»,- ըստ գործակալության, հայտարարել է ՌԴ արտգործնախարարի տեղակալը ՝ հիշեցնելով, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Սոչիում կայացած հանդիպման ընթացքում «հաստատվել է, որ ամեն ինչ պահպանվում է, ուղղվածությունն ու դինամիկան նույնպես»: