ՍԴ նախագահ․ «Այս Սահմանադրությունը դեռևս որևէ խնդիր չի առաջացրել»

Հրայր Թովմասյան, արխիվ

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն այսօր հայտարարեց նաև, որ չի պատրաստվում հրաժարական ներկայացնել

Թովմասյանը, ով դեռ երեք ամիս առաջ խորհրդարանի Հանրապետական խմբակցության պատգամավոր էր, այսօր լրագրողների հետ զրույցում պնդեց՝ Սահմանադրական դատարանը երբեք չի համագործակցում որևէ քաղաքական ուժի հետ:

Սերժ Սարգսյանի պաշտոնավարման երրորդ ժամկետի հնարավորություն ստեղծող սահմանադրական փոփոխությունների հեղինակներից մեկը հանդիսացող Թովմասյանից «Ազատությունն» այսօր հետաքրքրվեց՝ արդյո՞ք նաև իր հեղինակած Սահմանադրության «արդյունքը» չէր հայաստանյան վերջին քաղաքական ճգնաժամը:

«Դեռևս այդ Սահմանադրությունը որևէ խնդիր չի առաջացրել»,- այսօր հայտարարեց Հրայր Թովմասյանը, խուսափելով քաղաքական բովանդակություն պարունակող հարցերին պատասխանելուց․ «Դուք տալիս եք հարցեր, որոնք իրենց մեջ քաղաքական կոնտեքստ ունեն: ՍԴ դատավորը պարտավոր է ապահովել քաղաքական չեզոքություն և զսպվածություն: Խնդրում եմ ձեզ՝ մի տվեք հարցեր, որոնք իրենց մեջ քաղաքական կոմպոնենտ են պարունակում, որովհետև ես դրանց չեմ կարող պատասխանել»:

Շուրջ երկու ամիս առաջ բարձրագույն դատարանի նախագահ ընտրված Թովմասյանն այսօր անդրադարձավ նաև Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընդդիմադիրների շահերի պաշտպանությամբ հայտնի փաստաբան Վահե Գրիգորյանի թեկնածության հնարավոր առաջադրմանը: Թովմասյանն ընդգծեց՝ առաջադրվելիք ցանկացած թեկնածության հարգալից է վերաբերվում: «Ես որպես ՍԴ նախագահ, ունեմ զրո ազդեցություն, թե ով պետք է լինի Սահմանադրական դատարանի դատավոր»,- միայն նշեց Թովմասյանը:

Սահմանադրական դատարանի անդամի նոր թեկնածությունը ՀՀ նախագահը պետք է ներկայացներ մինչև մայիսի 14-ը: Այդուհանդերձ, ընդունելով իրաբանական հանրության առաջարկը՝ Արմեն Սարգսյանը որոշել էր մինչև թեկնածության առաջադրումը նախաձեռնել լայն խորհրդակցություններ, ինչի մասին էլ գրավոր տեղեկացրել է Ազգային ժողովի նախագահին։

Սակայն երեկ հայտնի դարձավ, որ դատավորների ընդհանուր ժողովը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Վճռաբեկ դատարանի դատավոր Ելիզավետա Դանիելյանի թեկնածությունը, խորհրդարանի նախագահ Արա Բաբլոյանն էլ որոշել է ընտրության հարցը քննարկման դնել հունիսի 12-ին:

Ըստ գլխավոր օրենքի՝ Սահմանադրական դատարանի թափուր տեղերի համար առաջադրումները կատարում են հաջորդաբար հանրապետության նախագահը, դատավորների ընդհանուր ժողովը և կառավարությունը: Հետևաբար, եթե Արմեն Սարգսյանը նոր թեկնածություն առաջադրի, ապա առաջնահերթ կերպով պետք է հենց նրա առաջարկը քննարկվի, կարծում է փաստաբան Երվանդ Վարոսյանը:

«Հիմա դատարաններն առաջ են ընկել, ԱԺ-ի ՀՀԿ անդամ նախագահն էլ արդեն օր է նշանակել: Փորձ է արվում՝ կանխել Սահմանադրական դատարանի դատավորի այնպիսի ընտրությունը, որը կանցնի բաց, թափանցիկ մրցույթով»,- ասաց Երվանդ Վարոսյանը:

Օրեր առաջ ավելի քան 200 փաստաբաններ դիմել էին նախագահ Արմեն Սարգսյանին՝ առաջարկելով Սահմանադրական դատարանի անդամի պաշտոնում առաջադրել փաստաբան Վահե Գրիգորյանի թեկնածությունը: Փաստաբանները նաև ընդգծում էին թեկնածուների ընտրության համար մասնագիտական բաց ընտրական գործըթնաց ապահովելու կարևորությունը: