Վարչապետը ԶՈՒ բարձրագույն սպայական անձնակազմին ներկայացրեց Արտակ Դավթյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Զինված ուժերի բարձրագույն սպայական անձնակազմին ներկայացրեց գլխավոր շտաբի նոր պետին՝ Արտակ Դավթյանին:

Գեներալ-մայոր Դավթյանը 47 տարեկան է, 2017 թվականի սեպտեմբերից Պաշտպանության նախարարության հինգերորդ բանակային կորպուսի հրամանատարն էր, մինչ այդ զբաղեցնում էր Զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետի պաշտոնը։

«Ազատության» հետ զրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավթյանի նշանակումը բացատրեց նրա նվիրված ծառայությամբ․ - «Զինված ուժերում բազմաթիվ սպաներ կան, ովքեր կարող էին այդ պաշտոնը զբաղեցնել՝ այդ թվում նաև Զինված ուժերի գլխավոր շտաբում, բայց այդ պաշտոնը կարող է զբաղեցնել մեկ անձ, և իմ ընտրությունը կանգ է առել Արտակ Դավթյանի վրա՝ հաշվի առնելով բազմաթիվ գործոններ: Եվ այդ գործոններից ամենևին էլ երկրորդական չէ Արտակ Դավթյանի նվիրված, հետևողական և ազնիվ ծառայությունը»:

2016-ի հոկտեմբերից ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Մովսես Հակբոյանն այսուհետ կկատարի Հայաստանի գլխավոր ռազմական տեսուչի պարտականությունները:

«Վարչապետը ճիշտ է արել», - ասաց Հակոբյանը՝ մեկնաբանելով նախկին պաշտոնից իր ազատումը: - «Ինքը ինձ բացատրել է, որը ինձ լրիվությամբ բավարարել է»:

Նա հրաժարվեց բարձրաձայնել վարչապետի բացատրությունը՝ ընդամենը ասելով․ - «Տեղավորվում է այն քաղաքականության մեջ, որը վարչապետը վարում է պետական պաշտոն զբաղեցրած անձանց նոր շունչ տալու կոնտեքստում»:

Գլխավոր շտաբի նորանշանակ պետին նախկին պետ Հակոբյանը բնութագրեց որպես գրագետ սպա՝ ընդգծելով, որ պետք է աջակցեն նրա լիազորությունների իրականացմանը «նոր և դժվարին պաշտոնում»:

Բարձրագույն սպայական կազմի առաջ ելույթի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ առաջիկայում իր և Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի որդիները ևս զորակոչվելու են բանակ:

Նա հորդորեց խտրականություն չցուցաբերել և վերաբերվել նրանց մյուս զորակոչիկների պես․ - «Պետք է ընդհանրապես սա դարձնենք սկզբունք: Ես չեմ ասում, որ սա սկզբունք չի եղելբայց ասում եմ, որ այս սկզբունքը պետք է կիրառվի սկզբունքային ձևով, որպեսզի մենք հստակ ուղերձ հղենք մեր հանրությանը, մեր ժողովրդին, մեր ազգին՝ ցույց տալու համար, որ այս ամենը ինչ որ մենք անում ենք, մեզ համար ոչ թե աշխատանք է, այլ առաքելություն է, որը մենք պատրաստվում ենք իրականացնել անմնացորդ, չխնայելով ոչինչ, առավել ևս՝ ինքներս մեզ»:

Աշխատանքի զգացողությունը փոխարինել առաքելության զգացողությամբ․ սա է, ըստ վարչապետ Փաշինյանի, լավ բանակ ունենալու կարևոր պայմաններից մեկը:

Գլխավոր շտաբի պետին ներկայացնելիս վարչապետը ասաց՝ ակնկալում է, որ այսուհետ կդադարեն ծնողների բողոքները, թե զինվորը չունի առաջին անհրաժեշտության պարագաներ: Իսկ քաղաքական միջամտությունը բանակին Նիկոլ Փաշինյանը փակված էջ համարեց: