Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) կաջակցի դրական բոլոր փոփոխություններին, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը։
Հարցին, թե Ընտրական օրենսգրքի փոփոխության անհրաժեշտություն տեսնո՞ւմ է, Բաբլոյանը պատասխանեց. - «Տարբեր քաղաքական ուժեր տարբեր դիրքորոշումներ ունեն։ Կարծում եմ, որ ժողովրդավարական մոտցումները և Սահմանադրության պաշտպանումը հենց նրանում է կայանում, որ մենք կարողանանք մեր քայլերը համահունչ կազմակերպել և չստեղծել նախադեպ Սահմանադրությունից դուրս որևիցե մի քայլ իրականացնել։ Եթե քաղաքական ուժերը կգան կոնսենսուսի, որ պետք է որոշակի փոփոխություն կատարել, ինչ խոսք որ պետք է կատարել»։
«Ազատություն». - Պարոն Բաբլոյան, սկզբունքայինը ռեյտինգայինի վերացումն էր, որում Հանրապետականը միշտ դեմ է եղել՝ անզիջում դեմ է եղել, ինչ-որ բան փոխվե՞լ է։
Բաբլոյան. - Ես նորից կարող եմ կրկնել նույնը՝ ամեն քաղաքական ուժ, ամեն կուսակցություն իր իրավունքն ունի իր դիրքորոշումը ներկայացնելու, և դրանք կարող են փոխվեն, կամ շտկվեն միայն բանակցությունների և քննարկումների արդյունքում։
«Ազատություն». - Պատրաստ ե՞ք այդ բանակցություններին։
Բաբլոյան. - Հանրապետական կուսակցությունը միշտ պատրաստ է եղել բանակցություններին և քննարկումներին, և հիմա հայտարարում է, որ կաջակցի բոլոր դրական փոփոխություններին։
«Ազատություն». - Պարոն Բաբլոյան, հայտարարվել էր, որ Հանրապետական կուսակցական մարմինները պետք է քննարկեն կուսակցության նախագահի փոփոխության հարցը, բայց հիմա կարծես թե էլ չի բարձրաձայնվում էդ մասին, և Սերժ Սարգսյանն է նորից ձեր նիստերը վարում։
Բաբլոյան. - Մենք նման բան չենք քննարկել, այդպիսի հայտարարություն չի եղել։
«Ազատություն». - Օրակարգում չկա՞ կուսակցության նախագահի փոփոխության հարց։
Բաբլոյան. - Չկա օրակարգում։
ԱԱԾ ստուգումներից ՀՀԿ-ում մտավախություն չունեն
«Ազատություն». - ԱԱԾ-ն հայտարարել է հակակոռուպցիոն մեծ գործողություն իրականացնելու մասին, մտավախությո՞ւն չունեն ՀՀԿ-ում. ամենաշատ մեծահարուստները ձեր կուսակցությունում են, ձեր խմբակցությունում են։
Բաբլոյան. - Պետք է հարգենք մարդու իրավունքը, պետք է հարգենք այն մարդկանց իրավունքը, ովքեր որ հարկեր են վճարում և այս պետությունը զարգացնում են, եթե մարդիկ գործարար են և մեծ կարողությունների տեր, չի նշանակում, որ նրանք գող են կամ ավազակ։
«Ազատություն». - Եթե պաշտոնյա են, բայց միլիոննե՞ր ունեն։
Բաբլոյան. - Նշանակում է, որ նրանք ավելի մեծ մասնակցություն ունեն մեր երկրի զարգացմանը, մեր պետության կառուցմանը։
«Ազատություն». - Պարոն Բաբլոյան, Երևանի քաղաքապետը միլիոններ ունի նույնիսկ իր հայտարարագրով, բայց միշտ պետական պաշտոնյա է եղել։
Բաբլոյան. - Մանսավոր հարցերը միշտ կարող եք ճշտել այն անձանց հետ, ում նշում եք։
«Ազատություն». - Չկա՞ մտավախություն կուսակցությունում այս ստուգումների հետ կապված։
Բաբլոյան. - Ոչ։