«Մեր բոլորիս հույսն է, որ ղարաբաղյան կարգավորումը կլինի շատ շուտով». ՀՀ ԱԳ նախարար

«Մեր բոլորիս հույսն է, որ ղարաբաղյան կարգավորումը կլինի շատ շուտով», - այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը։

«Բայց կարգավորումը պետք է արտահայտի մեր շահերը, մեր ձգտումները, մեր նպատակները, և բնական է՝ մենք խոսում ենք կոմպրոմիսի մասին, բայց դրա հիմքում դրված է առաջին հերթին մեր շահերի և նպատակների արտահայտությունը նորից, որի հիմքում դրված է Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունքը և Արցախի ժողովրդի անվտանգությունը», - ասաց Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը։

«Ազատության» հարցին, թե գործնականում հնարավո՞ր է Ստեփանակերտին բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնել, արտգործնախարարը պատասխանեց. - «Ես կսահմանափակվեմ միայն ասելով, որ մեր կարևորագույն նպատակը՝ դա վերներգրավել բանակցությունների մեջ՝ բացառապես Մինսկի խմբի նախագահության շրջանակներում»։

Մնացականյանը նշեց, որ կարևորագույն խնդիր է բանակցությունների դինամիկան պահպանելը։ «Ներկայիս կարևորագույն խնդիրը պահպանելն է դինամիկան բանակցությունների, մենք պատրաստ ենք ներգրավվել, շուտով արդեն կլսենք, դուք տեղյակ եք, որ մենք մշտական կապի մեջ ենք համանախագահների հետ, նորից առիթներ են լինելու և այս շաբաթ է եղել, այս շաբաթավերջ կլսեք, մյուս շաբաթվա սկիզբ, մենք արդեն հեռախոսազրույց ենք ունեցել Ռուսաստանի արտգործնախարարի հետ, էլի լինելու են կապեր, Ֆրանսիայի արտգործնախարարն է լինելու Հայաստանում և Միացյալ Նահանգներում», - ասաց արտգործնախարարը։

«Ազատություն» հարցին, թե հնարավո՞ր է համանախագահներն այցելեն տարածաշրջան, և հնարավո՞ր է նաև իր հանդիպումը Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ, արտգործնախարարը պատասխանեց. - «Սա հնարավորության հարց չէ, սա բանակցությունների էությունն է»։

Հիշեցնենք՝ երեկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին գրած նամակում պնդել էր, որ առաջիկա ամիսները ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու հնարավորություն կընձեռեն։