Զինվոր Արթուր Գասպարյանի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել հենակետի ավագին

Քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արթուր Արտյոմի Գասպարյանի մահվան դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ. մեղադրանք է առաջադրվել հենակետի ավագին:

Զինվորի դին՝ բերանի խոռոչի շրջանում ստացած հրազենային գնդակային մահացու վիրավորումով, հայտնաբերվել էր մայիսի 4-ին ժամը 1:10-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում: Վեցերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով՝ «սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը»:

«Քրեական գործով կատարված բազմակողմանի քննության արդյունքում բացահայտվել են զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ շարքային Ա. Գասպարյանին անպարկեշտ ձևով ստորացնելու՝ վիրավորանք հասցնելու, ինչպես նաև մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելու դեպքեր», - ասված է Քննչական կոմիտեի հաղորդագրությունում:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ պայմանագրային զինծառայող, հենակետի ավագին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի («Մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը») 1-ին և 360-րդ հոդվածի («Զինծառայողին վիրավորանք հասցնելը») 2-րդ մասերով:

Նախաքննությունը շարունակվում է: