Ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներով զբաղվող կազմակերպությունների մի խումբ աշխատակիցներ այսօր հավաքվել էին Հայաստանի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն մոտ:
Ընկերությունների ղեկավարներն ասում են, որ Հայաստանի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից իրենց զգուշացվել էր, որ ռուսական կողմի հետ համաձայնագիր է կնքվել և առանց հատուկ թույլտվության մարդկանց չեն կարողանալու տեղափոխել հունիսի 1-ից, սակայն այսօր առավոտյան խնդրի առաջ են կանգնել։
Մեքենաներն անցակետը հատել են Տրանսպորտի նախարարության միջամտությունից հետո։
Նախարարությունը դեռ մայիսի 3-ին հայտարարություն էր տարածել, ըստ որի հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կառավարությունների միջև ստորագրված «Միջազգային ավտոմոբիլային փոխադրումների մասին» համաձայնագրի 4-րդ հոդվածի պահանջները՝ 2018 թվականի հունիսի 1-ից Հայաստանի Հանրապետությունից դեպի Ռուսաստանի Դաշնություն և հակառակ ուղղությամբ միջպետական ոչ կանոնավոր երկկողմ և տարանցիկ ուղևորափոխադրումները պետք է իրականացվեն թույլտվությունների հիման վրա:
Ուղևորափոխադրող այն ընկերություններին, որոնք 2018 թվականի հունիսի 1-ից կցանկանան իրականացնել Հայաստանի Հանրապետությունից դեպի Ռուսաստանի Դաշնություն և հակառակ ուղղությամբ միջպետական ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ, նախարարությունը կոչ էր արել «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքի 16-րդ հոդվածի պահանջներին համապատասխան՝ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից ստանալ թույլտվություններ, այլապես նրանք չեն կարող հատել սահմանային անցակետը:
Փոխադրողներն ասում են, թե նախարարությունից իրենց հստակ չեն ասել, թե ինչ թույլտվության մասին է խոսքը, պնդում են, թե պարզապես թավշյա հեղափոխության տրամաբանությամբ ասել էին՝ «դուխով» գնացեք, Ռուսաստանի Դաշնության համապատասխան մարմիններից փաստաթուղթ դեռ չենք ստացել, և ձեզանից ոչ ոք չի կարող ոչինչ պահանջել։
Տուրիստական ընկերության ղեկավարներն «Ազատության» հետ զրույցում ասում են, որ նախարարության հայտարարած մրցույթներին նախկինում մասնակցել են, սակայն չեն շահել, քանի որ նախապատվությունը տրվել է նախկին իշխանության կողմից հովանավորվողներին, իսկ իրենք, այսպես կոչված, անօրինական դաշտում են մնացել։
Ասում են՝ պատրաստ են օրենքին համապատասխան աշխատել, եթե իրենց այդպիսի հնարավորություն տրվի։ Նրանց միացել էին նաև տոմսերի վաճառքով զբաղվող անհատ ձեռներեցները։
«Ասում են լիցենզիա, բայց լիցենզիա ոչ մեկ չունի ու չեն տալիս: Ով էլ որ ունի, նախկին իշխանության բարեկամներն են: Թող մեզ էլ լիցենզիա տան», - ասաց նրանցից մեկը:
Բողոքող փոխադրողներից մի քանիսի հետ այսօր հանդիպեց նախարարության տրանսպորտի վարչության պետ Կարեն Գասպարյանը։ Հանդիպմանը մասնակցած ընկերությունների ներկայացուցիչներն ասում են՝ իրենց հավաստիացրել են դեռ կարող են աշխատել, առաջիկայում էլ այս թեմայով նախարարությունում քննարկումներ կանցկացվեն․ - «Պետք ա մեզ հրավիրեն ստեղ, մենք իրանց հետ ընդհանուր հայտարարի գանք, օրենքի մեջ ինչ փոփոխություններ անեն, որ բոլորը աշխատեն»: