Հարություն Խաչատրյան․ Մշակույթի նախարարությունը չպետք է զբաղվի փող բաժանելով

Ամեն տարի մայիսին Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում տեղի է ունենում DocuMadrid վավերագրական ֆիլմերի միջազգային փառատոնը, որին այս տարի որպես ժյուրիի անդամ հրավիրվել էր մասնակցելու կինոռեժիսոր, Հայաստանի կինոգործիչների միության նախագահ, «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի հիմնադիր Հարություն Խաչատրյանը:

Ի դեպ, այս փառատոնի ընթացքում, տարբեր տարիներին, նրա նկարահանած ֆիլմերը ևս ցուցադրվել են:

«Ազատության» հետ զրույցում անդրադառնալով վերոնշյալ փառատոնին որպես ժյուրիի անդամ առաջին անգամ իր մասնակցությանը՝ Հարություն Խաչատրյանն ընդգծում էր, որ այն եվրոպական լավագույն կինոփառատոներից մեկն է, որը ստեղծվել է «Ոսկե Ծիրանի » հետ միաժամանակ, և այս տարի հոբելյանական 15-րդ փառատոնն էր:

Հարություն Խաչատրյանը DocuMadrid-ի ղեկավարության հետ պայմանավորվածություն է ձեռք բերել հաջորդ տարի «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի ընթացքում ցուցադրել իսպանական լավագույն վավերագրական ֆիլմերը:

Անդրադառնալով Կինոգործիչների միության խնդիրներին՝ Խաչատրյանն ասաց․ - «Գործ շատ կա, որովհետև կինոյի ասպարեզը բավականին բարձիթողի վիճակում է: Տասնյակ տարիներ չի ստեղծվել «Կինոյի մասին» օրենքը, տասնյակ տարիներ չկա ոչ մի կանոնակարգ փողերի բաժանման, ֆիլմերի կամ հայտերի ընդունման: Եղել է կամայական: Նաև լավ ընտրություններ են եղել, ինչ խոսք: Դրանակը շատ է եղել, բայց այնքան բաների էին կուտակված և՛ կինոյի ասպարեզում, և՛ Կինոմիությունում: Կինոմիությունը լծվեց առաջինը օրենքի ստեղծմանը: Կարծում եմ, որ շատ լավ աշխատեց․․․ Մենք ուսումնասիրեցինք տասնյակ երկրների օրինակները, բայց գնալով Մշակույթի նախարարություն, էլի չընդունվեց, փոխվեց, փոխվեց: Եվ այն, ինչ հիմա իրենք ներկայացրել են Կառավարություն, կարծում եմ, շատ անօգնական ու անօգտակար օրենք է: Պետք է նորից աշխատել»:

Փաստորեն տասնամյակներ շարունակ այդպես էլ չի հաջողվում ունենալ «Կինոյի մասին» այդքան չարչրկված օրենքը, որն այնքան անհրաժեշտ է հատկապես համատեղ կինոարտադրության համար, ինչպես պնդում են կինոգործիչները:

Հարություն Խաչատրյանը հույս ունի, որ Մշակույթի նորանշանակ նախարարի հետ համագործակցության շնորհիվ իրենց կհաջողվի Կառավարություն ներկայացնել օրենքի այն նախագիծը, որի վրա այդքան աշխատել են իրենք՝ կինոգործիչները․ - «Կարծում եմ, որ ծիծաղելի կլինի չհրավիրել ֆրանսիական Սի-Էն-Սի-ի մասնագետներին, որոնք ցանկանում են գալ ու անվճար աշխատել և ստեղծել հայկական կինոյի օրենքը, որը կլինի միջազգային օրենքների նման: Մենք հենց կինոյի օրենքի պատճառով էլ հետ ընկանք: Եվ կանոնակարգի բացակայության պատճառով: Որովհետև 10-12 տարի առաջ մենք և Վրաստանը կինոյում էնպիսի վիճակի մեջ էինք, որ մենք նրանցից շատ առաջ էինք․․․ Բայց կինոյի օրենքը և համագործակցության և համատեղ ֆիլմերի օրենքը չընդունվելով հանդերձ, չմիանալով աշխարհի կինոպրոցեսներին, հիմա հայտնվեցինք աղբանոցում, հայկական կինոն հայտնվեց ամենահետին տեղերում: Չկան ֆիլմեր, եթե կան ֆիլմեր, ոչ մեկը չգիտի, չի նկատվում: Կեղծը, սուտը միշտ տարածվում է, որովհետև Կաննի ֆեստիվալ ասելով ման են գալիս, մեծագույն միլիոններ են ծախսում Կաննի ֆեստիվալ գնալու համար, բայց ընդամենը տուրիստական պախոդ ա մի հատ: Ավելի լավ ա տարածաշրջանի փառատոներին մասնակցել: Կաննը պետք է մոռանան, Բեռլինը պետք է մոռանան, Վենետիկը պետք է մոռանան, որովհետև չկա քաղաքականությունը: Կարիքը չկա»:

«Կանոնակարգ պետք է լինի: Կանոնակարգ և օրենք: Եվ պետք է արդարություն լինի: Եվ պետք է ընդհանրապես, իմ կարծիքով, Մշակույթի նախարարությունը չզբաղվի փող բաժանելով: Մշակույթի նախարարությունը չպետք է զբաղվի ռեժիսուրայով, միջոցառումներ կազմակերպելով: Նա պետք է զբաղվի միայն ազգի, երկրի, կառավարության, պետության կինոքաղաքականությամբ», - եզրակացրեց Խաչատրյանը: