Վարչապետն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի համազեկուցողներին

Պաշտոնական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողների պատվիրակությանը՝ Ջուզեպպե Գալատիի գլխավորությամբ:

«Վարչապետը Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման տեսանկյունից կարևորել է ԵԽԽՎ մոնիտորինգային գործընթացը և ընդգծել Եվրոպայի խորհրդի հետ համագործակցության կարևորությունը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանում վերջին փոփոխությունները տեղի են ունեցել ժողովրդի կամքով և բացառապես խաղաղ ճանապարհով:

«Սա նշանակում է, որ Հայաստանում ժողովրդավարությունն արդեն իրողություն է և գտնվում է բավականին բարձր մակարդակի վրա: Մեր կառավարությունը վճռական է այս իրողությունը դարձնել մշտական: Մեզ համար առաջնահերթ նշանակություն ունեն արտահերթ խորհրդարանական ընտրությունները, ինչի համար անհրաժեշտ է ապահովել օրենսդրական և տեխնիկական համապատասխան պայմաններ՝ ընտրություններն ազատ և արդար կազմակերպելու և անցկացնելու նպատակով»,- ասել է վարչապետը՝ համոզմունք հայտնելով, որ ընտրությունները կարտահայտեն ժողովրդի կամքը»,- մասնավորապես, նշված է կառավարության հաղորդագրության մեջ:

Ըստ նույն հաղորդման՝ համազեկուցողները շնորհավորել են Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ հայաստանյան իրադարձությունները նոր թափ կհաղորդեն երկրում ժողովրդավարության զարգացմանն ու ամրապնդմանը:

Այսօր ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի համազեկուցողներին ընդունել է նաև արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը: