Քաղաքացին տուգանվող օբյեկտի կարգավիճակից պետք է ձերբազատվի, այսօր կառավարության նիստին՝ օրակարգը սպառվելուց հետո հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Պետությունն ունի բավարար մեխանիզմներ կարգը պահպանելու համար։ Խնդրի փիլիսոփայությունը պետք է փոխենք, մենք պետք է հասկանանք, որ քաղաքացին, այսպես ասած, տուգանվելու, կներեք էս բառիս համար, մատերիալ չէ։ Առավոտը տանից դուրս է գալիս, ասում ենք՝ «որտեղ բռնենք, տուգանելու ենք»․ էս փիլիսոփայությունը պետք է փոխվի, և դա չպետք է հակադրել ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման խնդիրներին», - ասաց վարչապետը՝ շարունակելով. - «Որևէ բան չպետք է կիրառվի ընդդեմ քաղաքացիների և ամեն ինչ պետք է լինի հանուն քաղաքացու։ Մենք պետք է տուգանքների չափերի և ընթացակարգերի հետ կապված օրենսդրական փոփոխություններ պատրաստենք, որպեսզի այս հարցում ունենանք լրջագույն փոփոխություն։ Քաղաքացիները պետք է այդ անարդարության զգացումը թոթափեն»։
Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, արձագանքելով Փաշինյանի հայտարարությանը, ասաց, որ Արդարադատության նախարարությունն արդեն e-draft.am կայքում տեղադրել է վարչական տուգանքների համաներման մասին օրենքի նախագիծ, և առաջիկայում, երբ լրանան ժամկետները, այն կներկայացվի կառավարություն՝ հաստատման, որպեսզի օրինագիծը գնա Ազգային ժողով։
«Մենք առաջարկում ենք մշակել հայեցակարգ, թե ինչ լուծումներ ենք առաջարկում այս ոլորտում: Դրանցից առաջինը պետք է լինի այն, որ ճանապարհային երթևեկության կանոնները պետք է հաստատվեն Ազգային ժողովի կողմից օրենքով, և դրանցից ածանցվող մնացած բոլոր փոփոխությունները», - ասաց Զեյնալյանը։
Վարչապետի հարցին, թե ո՞ր օրվա դրությամբ են առաջարկում համաներում իրականացնել, ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը պատասխանեց. - «Մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը և վերջին իրադարձությունների ընթացքում ապրիլ ամսվա այս կտրվածքը, բայց թույլ տանք մնա հունվարի 1-ից մինչև առ այսօր, ապրիլի իրադարձությունների այդ օրերը հանենք՝ հավաքներ, երթեր»։
Փաշինյանը նշեց, որ այդ հարցը կքննարկվի նաև կառավարությունում։
Փոխվարչապետ Արարատ Միրզոյանն էլ հավելեց. - «Ես ուզում եմ ասել, որ միանշանակ պետք է այդ ամբողջ համակարգի նպատակը լինի ոչ թե մարդկանց տուգանելը, այլ ճանապարհային երթևեկությունն առհասարակ ավելի անվտանգ դարձնելը, և որոշակի կանոնակարգումը։ Եթե այս նպատակը մենք ապահովում ենք՝ էս պայմանները, էս խաղի կանոնները, ապա նույն կամերաները և նույն արագաչափերը կարող են ծառայել որպես գործիք էս առումով։ Ուրիշ խնդիր է, որ արագաչափերի դեպքում տուգանքները գուցե անհամաչափ են բնակչության եկամուտների կոնտեքստում՝ ավելի թանկ են նստում մարդկանց վրա, բայց վստահաբար կա խախտումների մի խումբ, որոնց կարելի է ավելի թեթև վերաբերվել, և հակառակը՝ կան խախտումներ, որոնց դեպքում գուցե ավելի խստացվի»։
Հիշեցնենք, երեկ ոստիկանությունը հաղորդեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականից հետո մշակել է ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու դեպքում վարչարարության փոփոխություն: Մի շարք խախտումներ կատարելու դեպքում վարորդներն այլևս չեն տուգանվի: Լինելու են նաև դեպքեր, երբ իրավախախտ վարորդը ոչ թե կտուգանվի, այլ պարզապես կզգուշացվի՝ ճանապարհային ոստիկանի հայեցողությամբ: Հանրապետության որոշ փողոցներում դադարեցվելու է նաև արագաչափերի գործունեությունը:
2012-2017 ընթացքում չմուծված տուգանքների համար ՃՈ-ն համաներում է նախատեսում։