Ալեն Սիմոնյանը «ապօրինի» է համարում Երևանի քաղաքապետի որոշումը

Ալեն Սիմոնյան, մայիս, 2018թ․

«Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը ապօրինի է համարում իրեն Երևանի ավագանու մանդատից զրկելու՝ քաղաքապետի արձանագրությունը, միաժամանակ հայտարարելով՝ պատգամավորության մանդատից այլևս չի հրաժարվի։

Սիմոնյանը մայիսի 16-ից պատգամավոր է, երկու օր առաջ նա ԱԺ մանդատից հրաժարվելու դիմում ներկայացրեց խորհրդարանի նախագահին: Ըստ օրենքի, այն կարող է բավարարվել, եթե 7 օրվա ընթացքում Ալեն Սիմոնյանը հետ չվերցնի իր դիմումը։ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հենց այդ հանգամանքին հղում կատարելով, նշում է, որ Սիմոնյանն արդեն 7 օր է՝ զբաղեցնում է ավագանու հետ անհամատեղելի պաշտոն, հետևաբար քաղաքապետը, իրավունքի ուժով, պարտավոր է նրան ավագանու մանդատից զրկելու գործընթաց սկսել։

Սիմոնյանը, մինչդեռ, պնդում է, որ պատգամավորությունից հրաժարվելու՝ իր հայտարարությունն այդ անհամատեղելիությունը վերացնելու հիմք է, և քաղաքապետը պետք է հաշվի առներ դա։ «Ես համարում եմ, որ սա ապօրինություն է, որովհետև ես այդ 7 օրը բաց չեմ թողել: Ինչի՞ համար է այդ 7 օրը, որպեսզի ես ուղղակի տեղեկացնեմ, և հետո եթե ես, այնուամենայնիվ, չեմ տեղեկացնում, դա նախատեսում է ինչ-որ գործընթաց: Չէ՞ որ օրենքը կարող էր սահմանել ինչ-որ ժամկետ, որպեսզի ես հրաժարվեմ, իսկ մանդատ չստանալու գաղափար գոյություն չունի: ԿԸՀ-ն իրեն տրված լիազորությունների սահմանում միանգամից տրամադրում է [մանդատը], անկախ նրանից՝ ես երկրում կլինեմ, հիվանդ կլինեմ, կմոտենամ կվերցնեմ այդ թուղթը թե չեմ վերցնի»,- ասաց Ալեն Սիմոնյանը:

Սիմոնյանը չի պատրաստվում բողոքարկել քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշումը, առաջիկա օրերին ԱԺ նախագահից նա հետ կվերցնի իր հրաժարականի դիմումը։

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն արդեն ստացել է քաղաքապետի արձանագրությունը: Նրա պնդմամբ՝ այդ փաստաթղթով Ալեն Սիմոնյանն արդեն իսկ զրկված է Երևանի ավագանու մանդատից, և ԿԸՀ-ն այդ որոշումը փոփոխելու լիազորություն չունի։ Մուկուչյանը հավելում է՝ մայիսի 16-ին ԿԸՀ-ն Ալեն Սիմոնյանին պատգամավորի մանդատ է տվել, քանի որ մեկ շաբաթվա ընթացքում ինքնաբացարկի դիմում չի ստացել։

Առաջիկա շաբաթներին կլրանա Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի պաշտոնավարման մեկ տարին, ինչն ավագանու ընդդիամդիր անդամներին հնարավորություն կտա նրան անվստահություն հայտնելու նախագիծ ներկայացնել։ Երևանի քաղաքապետի պաշտոնին հավակնող, սակայն արդեն փաստացի այդ հնարավորությունից զրկված Ալեն Սիմոնյանը չի բացառում, որ «Ելք» դաշինքի իր գործընկերներին կոչ կանի՝ հանդես գալ Տարոն Մարգարյանին անվստահություն հայտնելու նախաձեռնությամբ։

Տարոն Մարգարյանի հնարավոր հրաժարականի դեպքում, սակայն, Երևանում ավագանու նոր ընտրություններ չեն անցկացվի․ նոր քաղաքապետին կընտրի այս պահին գործող ավագանու կազմը, որում Հանրապետականը բացարձակ մեծամասնություն ունի։