«Մենք ասել էինք, որ ամսի 23-ից ակտիվ գործողություններ կսկսենք, գործողությունները սկսված են և առաջիկա օրերին հրապարակումները կլինեն», - այսօր կառավարության նիստից առաջ «Ազատության» հետ զրույցում ասաց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը։
Հիշեցնենք՝ Վանեցյանը լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ «Ազատության» հարցին ի պատասխան ասել էր, որ շուտով կբացահայտվեն ապօրինի հարստացած մարդիկ, որոնք գործել են կոռուպցիոն սխեմաներով։ Վանեցյանը նշել էր՝ Հայաստանում 350 մարդ կա, որոնք տեղյակ չեն, որ խոշոր գործարարությամբ են զբաղվում ու հարկեր չեն մուծում՝ նրանց անձնագրերը վերցրել են ու բիզնես են գրանցել։
ԱԱԾ ղեկավարն ասել էր, որ ինքը կողմ է, որպեսզի կոռուպցիայի մեջ մեղադրվող անձանցից առգրավվեն պետությունից գողացված միջոցները և վերադարձվեն պետական բյուջե։
ԱԱԾ տնօրենն նաև ասել էր, որ այս ամիս, երբ ինքը վերադառնա Սանկտ Պետերբուրգից, արդեն կլինեն բացահայտումներ, կհրապարակվեն անուններ։
Վանեցյանն այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց. - «Ես չեմ ասել, որ 350 հոգին ամսի 23-ին բերման են ենթարկվելու, կամ հայտարարվելու է, բայց Ձեզ ասեմ, որ կան հրավիրված բազմաթիվ անձինք, կան բերման ենթարկված անձինք, աշխատանքները կատարվում են, և առաջիկա օրերին հանրությունը կտեղեկացվի այդ մասին։ Դա բարդ և ծանր, մեծ ծավալ ունեցող աշխատանք է, որը մենք ամբողջ ծավալով իրականացնում ենք, և մենք պետք է այնպես անենք, որ ոչ մեկի մոտ հարց չառաջանա դրա հետ կապված, դրա համար պետք է այդ ամենն անենք շատ պրոֆեսիոնալ կերպով, և դրա համար մեզ մի քիչ ժամանակ է պետք։ Բայց ամսի 23-ից, ես ոնց որ նշել էի, արդեն իսկ կան բերման ենթարկվածներ, հրավիրված անձինք, տրվել են բացատրություններ, և մեր նախնական օպերատիվ տվյալները այս փուլում ես կարող եմ ձեզ ասել, որ հաստատվել են»։
Հարցին, թե բարձրաստիճան պաշտոնյաների կտեսնե՞նք, Վանեցյանը պատասխանեց. - «Եկեք այդ հարցին չպատասխանեմ, առաջիկա օրերին ամբողջությամբ կլինի»։
Դիտարկմանը, թե տեղեկություններ կան, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի դեմ ԱԱԾ-ն նյութեր է նախապատրաստում, ԱԱԾ տնօրենն այսպես արձագանքեց. - «Նման բան մենք չունենք։ Տարոն Մարգարյանի, առհասարակ մենք որևէ պաշտոնյայի նկատմամբ նպատակային նյութեր չենք նախապատրաստում։ Մենք կատարում ենք մեր աշխատանքը, և մեր աշխատանքի արդյունքում եթե մեզ հայտնի են դառնում տվյալներ, որոնք վկայում են այս կամ այն անձի անօրինական գործունեության վերաբերյալ, մենք կատարում ենք օրենքով վերապահված մեր լիազորությունները»։