Գերմանիայի արտգործնախարարը հայտարարել է, որ Եվրոպան շարունակելու է պահպանել 2015 թվականին Իրանի հետ կնքված միջուկային համաձայնագիրը, չնայած ԱՄՆ-ը հրաժարվեց դրանից։
Վաշինգտոնում լրագրողների հետ զրույցում Հեյկո Մաասը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնին բացատրել է Գերմանիայի և Եվրոպայի դիրքորոշումը։ Մաասը համոզմունք է հայտնել, որ այս համաձայնագիրը Իրանի միջուկային ակտիվությունը կանխելու ամենալավ ձևն է։
Հիշեցնենք, Իրանի հետ միջուկային համաձայնագրից Միացյալ Նահանգների դուրս գալու և պաշտոնական Թեհրանի նկատմամբ պատժամիջոցները «նոր թափով վերականգնելու» մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց մայիսի 8-ին: