Սիրիայից Իրանի զորքերի կամ «Հըզբոլա»-ի դուրս գալու հարց Դամասկոսի օրակարգում չկա

Սիրիայի ԱԳ փոխնախարար Ֆայսալ Մեկդադ, արխիվ

Սիրիայի տարածքից Իրանի միացյալ զորքերի և ռազմական փորձագետների դուրսբերման՝ Միացյալ Նահանգների պահանջը օրակարգում չէ և չի քննարկվում, ռուսական պետական լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է Սիրիայի արտաքին գործերի փոխնախարարը։

«Կմնան թե կգնան իրանական զորքերը կամ «Հըզբոլա»-ն՝ չի քննարկվում, քանի որ դա Սիրիայի կառավարության որոշելիք հարցն է», - ասել է Ֆայսալ Մեկդադը և շարունակել․ - «Այդ բոլոր զորքերը պայքարում են ահաբեկչության դեմ և չեն սպառնում Սիրիայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը»։

ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն մայիսի 21-ին պահանջել էր, որ Իրանը և «Հըզբոլա»-ն դուրս բերեն ուժերը Սիրիայից ու դադարեցնեն ռազմական ակտիվությունը տարածաշրջանում, այլապես Միացյալ Նահանգները պատմության մեջ ամենախիստ պատժամիջոցները կկիրառի։