2012-2017 ընթացքում չմուծված տուգանքների համար ՃՈ-ն համաներում է նախատեսում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականից հետո ոստիկանությունը մշակել է ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու դեպքում վարչարարության փոփոխություն: Մի շարք խախտումներ կատարելու դեպքում վարորդներն այլևս չեն տուգանվի: ՃՈ պետի տեղակալ Արմեն Խաչատրյանն այսօր թվարկեց նման մի քանի դեպք, օրինակ՝ երբ վարորդը վարելու ընթացքում ծխել է, մեքենայի սահմանված հատվածում բացակայել է տեխզննության կտրոնը կամ վարորդը մանևրելիս չի օգտագործել լուսային թարթիչը:

Լինելու են նաև դեպքեր, երբ իրավախախտ վարորդը ոչ թե կտուգանվի, այլ պարզապես կզգուշացվի՝ ճանապարհային ոստիկանի հայեցողությամբ: Հանրապետության որոշ փողոցներում դադարեցվելու է նաև արագաչափերի գործունեությունը: Նախկինում արագաչափերից բողոքող հանրությանը ոստիկանությունը հակադարձում էր՝ դրանք տեղադրվում են քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար: Արդյո՞ք ոստիկանության դիրքորոշումը փոխվել է: ՃՈ պետի տեղակալը չի հերքում, որ որոշումը քաղաքական է․ «Իհարկե՝ կա քաղաքական կամք, որպեսզի վարչական ակտերի առումով նվազեցում իրականացվի»:

Ոստիկանությունը լավ լուր է հայտնում նաև տուգանքների պատճառով պարտքեր կուտակած վարորդների համար: 2012-17 թվականների տուգանքների համար նախատեսում են համաներում հայտարարել: Արդարադատության նախարարությանն առաջարկել են, որպեսզի այդ կառույցն իր հերթին կառավարությանն առաջարկի՝ Ազգային ժողովում հանդես գալ համաներման ակտ ընդունելու նախաձեռնությամբ, որի արդյունքում կչեղարկվեն 13,7 միլիարդ դրամի չափով տուգանքներ:

Վարչարարությունը մեղմացրած ոստիկանության ներկայացուցչի հավաստմամբ, հանրության շրջանում արդեն ձևովորվել է ճանապարհային երթևեկության կանոնները պահպանելու մշակույթ: Սակայն նա հավելում է՝ եթե մեղմացման հետևանքով կարգազանցությունն ու պատահարներն ավելանան, վերահսկողությունն ու վարչարարությունը կրկին կխստացվի:

Վարորդների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ՀԿ անդամ Սերգեյ Ղահրամանյանն «Ազատության» հետ զրույցում նշեց, որ իրենց բազմաթիվ մտահոգությունները վերջապես լսելի դարձան, սակայն նա կարծում է, որ, օրինակ՝ սեփական տրանսպորտային միջոցի ղեկին ծխելու համար սահմանված տուգանքը պետք չէր վերացնել: Ղահրամանյանը հավելեց՝ նախատեսվող փոփոխություններից հետո ոստիկանության համար առաջնահերթություն պետք է լինի նաև ճանապարհային նշաններով փողոցների պատշաճ կահավորումը: