Մեր հիմնական գործառույթը լինելու է «կոռուպցիայի բացահայտումն ու կազմաքանդումը»

«Ֆեյբուքյան ասուլիս» հաղորդաշարի հյուրը նորաստեղծ Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանն է:

Օգտատերերից մեկը հարցին, թե ինչով է տարբերվում այս նոր կառույցը նախորդներից, որոնք են դրա հիմնական գործառույթները և որ ոլորտներն են առավել ռիսկային, Սանասարյանը պատասխանեց․ - «Սա նորաստեղծ կառույց է: Կառույցը դեռ չունի կանոնադրություն, կառուցվածքը դեռ պարզ չի: Քանի որ նախորդ իշխանությունները այս «սուպերկառույցը» ստեղծելու մտադրությամբ ընդունեցին այս օրենքը և չկարողացան հասցնեն ավարտին: Տեղի ունեցավ իշխանափոխություն, և այդ բարդ գործը անձնապես իմ ուսերին է լինելու, որովհետև, այսպես ասած՝ պատի առաջին քարերը սկսելու եմ դնել ես: Օրենքի համապատասխան ինչ փոփոխություններ են տեղի ունեցել․ նախկինում եղել են նախագահի վերահսկողություն, վարչապետի վերահսկողություն, Ֆինանսների նախարարությունը վերահսկողություն է [իրականացնել]: Հիմա այս երեք կառույցները միավորվում են, ու իր բնույթով անկախ կառույց է դառնում: Միայն վարչապետին ենթակա կառույց է, ինչպես Ազգային անվտանգության ծառայությունը և Ոստիկանությունը: Այս երեք կառույցներն են, որ վարչապետի ենթակայության կառույցներ են և դուրս են Կառավարությունից: Մենք վերահսկողություն ենք իրականացնելու Կառավարությանը, այլ պետական մարմիններին՝ առընթեր մարմիններ, մարզպետարաններ, ամենատարբեր պետական կառույցներին: Կան կառույցներ, որոնք ունեն անկախություն, և կարող ենք մեր վերահսկողությունն իրականցնել պետական բյուջեի հետ կապված՝ գնումների մասով: Այնպես որ, մենք ունենք շատ լուրջ լիազորություններ»:

Նա ասաց, որ կառույցի ուշադրության կենտրոնում են լինելու գրեթե բոլոր ոլորտները․ - «Մեր հիմնական գործառույթը լինելու է կոռուպցիայի բացահայտումն ու կազմաքանդումը: Իմ համար անձնապես, և ես վստահ եմ, վարչապետի համար կապ չի ունենալու կոռուպցիան գործունեություն ծավալողը ով է: Եթե լինեն մսխումներ, չարաշահումներ, «ատկատներ» գնումների ոլորտում, տենդերների հետ կապված, ցանկացած խնդիր լինելու է մեր խնդիրը, և այդ խնդիրին հետևյալ երկու լուծումն է տրվելու․ եթե կան հանցակազմ պարունակող դեպքեր, դրանցով միանգամից զբաղվելու են իրավապահ մարմինները, եթե այնպիսի խնդիրներ են, որ թերացել են ու հանցակազմ չեն պարունակում, մենք ոչ թե մահակ ենք օգտագործելու այդ կառույցի նկատմամբ, ինչպես փորձ է եղել նախկինում, ոչ: Մենք փորձելու ենք սովորեցնել, թե ինչպես պետք է աշխատեն, որպեսզի թերություններ չունենան: Այսինքն, մեր խնդիրն է առողջացնել պետական համակարգը»: